Սանթրյան Վ. — Գեղանկարչուհու գույներն ու երազանքները – թերթ, «Հայաստանի Հանրապետություն», Ե., 29.10.2016

Մեծ ցուցահանդեսով նշվեց Արփենիկ Նալբանդյանի 100—ամյակը

Չնայած անձրեւոտ ու սառն—ամպամած եղանակին, Հայաստանի ազգային պատկերասրահի առաջին հարկի ճեմասրահը երեկ ի վիճակի չեղավ տեղավորելու բոլոր այն կերպարվեստասերներին ու կերպարվեստագետներին, մշակույթի այլ բնագավառների գործիչներին, ովքեր եկել էին ներկա գտնվելու հայկական գեղանկարչության անվանի վարպետ Արփենիկ Նալբանդյանի (1916թ., Թիֆլիս, 1964թ., Երեւան) աշխատանքների ցուցահանդեսի բացմանը՝ նվիրված նրա ծննդյան 100—ամյակին, որը լրանում է առաջիկա դեկտեմբերին։
Կատարելով բացման արարողությունը, պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ասաց, որ մասնագիտական կրթություն ստանալով ծննդավայր քաղաքում եւ ամուսնանալով գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի հետ, նկարչուհին տեղափոխվեց Երեւան, որտեղ ստեղծագործական աշխատանքին զուգահեռ մանկավարժական գործունեություն ծավալեց Երեւանի գեղարվեստական ուսումնական բարձրագույն հաստատությունում, ունենալով շատ արժանավոր հետեւորդներ։ Ցավոք սրտի, երկար չապրեց այդ նշանավոր արվեստագետը, որ կարող էր ավելի շատ ստեղծագործել։
«Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է արվեստագետի 48 աշխատանք։ Այսօր այս ցուցահանդեսում ավելի շատ գործեր են ներկայացված։ Այս ցուցահանդեսի բացման կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել նկարչի ընտանիքին, ՀՀ մշակույթի նախարարությանը, մեր պատկերասրահի բոլոր աշխատողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այսպիսի ուշագրավ ցուցադրություն կազմակերպելու համար»,–ասաց նա։
Ցուցահանդեսի հսկիչ Հասմիկ Բադալյանն ասաց, որ Արփենիկ Նալբանդյանը ստեղծել է 300 գեղանկար, որոնցից պատկերասրահը ներկայացնում է ոչ միայն իր հավաքածուից, այլեւ ընտանիքի, այլ մասնավոր հավաքածուների՝ թվով 73 աշխատանք։ Նրանց թվում կան գործեր, որոնք առաջին անգամ են ցուցադրվում։ Նկարչի կենդանության օրոք ընդամենը երկու ցուցահանդես է գործել, 1967—ին էլ՝ հետմահու անհատականը։ 2001 թվականին Երեւանի գեղարվեստի ակադեմիայում բացված Ալբեր եւ Թովե Բոյաջյան ցուցասրահի բացումը նշանավորվել է նկարչուհու գործերի եւս մեկ ցուցադրմամբ, որը սակայն այս ցուցահանդեսի համեմատությամբ ավելի փոքրաթիվ էր։
«Ներկա ցուցադրության երեք սրահներում ներկայացվում է նկարչուհու ստեղծագործական ուղին, որը յուրահատուկ ինքնակենսագրություն կարելի է անվանել, որովհետեւ ցուցադրված են հեղինակի թիֆլիսյան ուսանողական շրջանի գործեր, որոնք ներշնչված են Բաժբեուկ—Մելիքյանի շնչով, երեւանյան առաջին շրջանը, որը առանձնանում է թեմատիկ բազմազանությամբ, եւ 50—60—ական թվականների դիմանկարների, բնանկարների շարքերը»,– ասաց նա։
Հռետորը ներկաներին տեղյակ պահեց, որ ցուցահանդեսի կապակցությամբ հրատարակվել է պատկերագիրք, որն ավելի մանրամասն ներկայացնում է նկարչուհու կյանքն ու ստեղծագործական ամբողջ ուղին։ Դա երկրորդ պատկերագիրքն է 1967 թվականին հրատարակվածից հետո։
Ցուցահանդեսի կազմակերպումը շնորհավորեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ասելով, որ կարելի էր ենթադրել, որ Արփենիկ Նալբանդյանի նկարների ցուցադրությունը կհավաքեր ահա այսպիսի մեծաթիվ հանդիսատեսների. «Եվ ես ուրախ կլինեմ, որ ցուցադրության հետագա օրերին եւս մեր երիտասարդությունը, դպրոցականները, մեր մայրաքաղաքի հյուրերն ու երեւանցիները ցանկություն եւ ժամանակ ունենան դիտելու այն գույները, այն երազանքները, որ կարողացել է պատկերել Արփենիկ Նալբանդյանը։ Այս ցուցահանդեսը մեր հերթական ձեռքբերումներից է»։
Արփենիկ Նալբանդյանի մասին խոսք ասաց նաեւ  ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը, ում գնահատմամբ, ցուցահանդեսի բացումը նշանակալից երեւույթ է մեր մշակութային կյանքում. «Նա ոչ միայն հրաշալի գեղանկարիչ էր, այլեւ հոյակապ մանկավարժ։ Մենք երջանիկ ենք նրա սաները լինելով. մոր նման էր իր ուսանողների հետ։ Նալբանդյան Արփենիկի տեղը մինչեւ այսօր էլ մնացել է դատարկ։ Բայց մխիթարվենք այն բանով, որ նա թողել է մի ժառանգություն՝ մեր եւ գալիք մյուս սերունդների համար։ Մենք նրան հիշել ենք, հիշում ենք եւ դեռ երկար կհիշենք»։
Շնորհակալության խոսք ասաց նկարչի որդին՝ Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *