Արփենիկ Նալբանդյան (Նախ.`Արա Սարգսյան) — կատալոգ, Ե., 1967

Հայկական ՍՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Արշակի Նալբանդյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի նկարչի տանը 1967 թվի հունիս ամսին:
Նկարչուհի Արփենիկ Նալբանդյանը կյանքից հեռացավ, երբ նրա մեջ դեռ չէր մարել ստեղծագործական անսպառ եռանդը, երբ երազում էր կտավներին հանձնել իր մտորումներն ու խոհերը:
Նրա կյանքի թելը կտրվեց այն ժամանակ, երբ նա ապրում էր ստեղծագործական մի նոր վերելք, երբ նա բարձրանում էր պրոֆեսիոնալ հասունության և վարպետության մի նոր աստիճանի, երբ նրա վրձինը ստացել էր նոր թափ և պատրաստ էր խիզախումների:
Կարճատև եղավ նրա ստեղծագործական կյանքը, ընդամենը 25 տարի, այդ կարճ ժամանակաշրջանը, սակայն նկարչուհին հագեցրեց ազնիվ ներշնչանքներով և վառ երազանքներով տոգորված ստեղծագործություններով:
Ներկա ցուցահանդեսը տալիս է Արփենիկ Նալբանդյանի արվեստի ճշգրիտ նկարագիրը, նրա անցած ստեղծագործական շրջանների համեմատական բնույթը, բացահայտում է նկարչուհու մտորումների ու հույզերի ինքնուրույն աշխարհը, կյանքի երևույթները յուրովի ընկալելու և գեղանկարչական ինքնատիպ ձևերով վերարտադրելու ակնհայտ տաղանդն ու հմտությունը: Ցուցադրված յուրաքանչյուր կտավի մեջ նկարչուհին պահ է տվել իր հույզերի ներքնաշխարհից մի մասնիկ, մի պատառիկ, երբեմն ընդվզող, երբեմն մեղմ ու քնարական:
Արփենիկ Նալբանդյանը անհունորեն սիրում էր կյանքն իր բազմազանությամբ, զգացմունքներով և երազանքներով անքակտելիորն կապված էր մարդկանց ու բնության հտ: Նա փնտրում և գտնում էր վեհը, իմաստալին, լավն ու գեղեցիկը:
Նրա նկարները շղարշված են յուրօրինակ քնարական շնչով, դիտողը նրանց մեջ գտնում է ինքն իրեն, իր շրջապատի ռեալ կյանքը: Նկարչուհու աշխատանքային մոտիվներով ստեղծած նկարներում գերակշռողը աշխատանքի պոեզիան է, հողի բարիքներից մարդու ստացած բարոյական և կենսական բավարարումը, ստեղծագործ ու հանրօգուտ աշխատանքի պոեզիան: Նրանք` այդ նկարները, գունազարդված չեն, և ոչ էլ ձևապաշտական աճպարարությամբ խեղված, այլ իրական աշխարհը արտահայտում են ռեալիստորեն և բանաստեղծական տրամադրությամբ:
1941թ. ավարտելով Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչական բաժինը, նա տեղափոխվում է Երևան և իր ուժերը տրամադրում հարազատ ժողովրդի մշակութային վերելքին:
Առաջին շրջանին պատկանող նկարների բնորոշ հատկանիշը շագանակագույն կոլորիտն է, որը գրեթե մեծ մասամբ կտավներում դառնում է գերիշխող: Չնայած գեղանկարչական այդ պայմանականությանը, որը գալիս էր դեռևս ուսումնառության շրջանից, նրանք` այդ շրջանի գործերը, իրենց ամուր կառուցվածքով, գծանկարի խստությամբ, զուսպ կոլորիտով հմայիչ են ու ներգործուն, ինչպես` «Ինքնանկարը», «Նեգրուհի», «Նկարչուհի Լավինիայի դիմանկարը», «Մտորումների մեջ» և այլն նկարներ:
Վերջին աշխատությունը այդ շարքից առանձնանում է իր գունային ներդաշնակությամբ, հյութեղությամբ, գեղանկարչական տակտով և ճաշակով: Այստեղ ամեն ինչ խոսուն է և գեղանկարչորեն արտահայտիչ, դեռատի աղջկա նուրբ դիմագծերը, կրծքի ու թևերի կաթնագույնը, զգեստի բաց վարդագույնի մեջ թաթախված սպիտակությունը, անփույթ վրձնահարված ֆոնը, գլխի և կրծքի գողտրիկ ձևերը գունային ընդհանուր հաճելի գամման:
Երկրորդ և ստեղծագործորեն ավելի բեղուն շրջանին են պատկանում 1947-1960 թվականներին կատարած գործերը: Այդ ժամանակաշրջանում ավելի է լայնանում նկարչուհու ստեղծագործական հորիզոնը, նրա արվեստը դառնում է բազմաժանր: Նա ստեղծում է բազմաթիվ դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, սակայն նրա արվեստում առաջնայինը միշտ մնում է կոմպոզիցիոն-ֆիգուրատիվ ժանրը: Վերջին ժանրին պատկանող կտավները հագենում են գաղափարական բովանդակությամբ, գեղարվեստական ձևերը դառնում են ավելի արտահայտիչ, գեղանկարչորեն ավելի գունեղ ու բազմազան:
Եթե այդ շրջանի առաջին տարիների մի շարք գործերում դեռևս նկատվում է պատկերը մանրամասներով ծանրաբեռնելու միտում, ինչպես` «Հետաքրքրական գիրք», «Տատիկի հեքիաթը», «Կոլտնտեսուհին հանգստի ժամին», ապա հետագա աշխատանքներում` «Հետաքրքրասերները», «Իմ երեխաները», «Քաղհանողների» երկու տարբերակները, «Աղբյուրի մոտ», «Փշատ հավաքող աղջիկը», «Կաղամբի քաղհանը» գործերում, նկարչուհին դառնում է ավելի համարձակ, դրսևորում է ավելի ակտիվ ստեղծագործական վերաբերմունք դեպի ընտրած թեման: Կտավները դառնում են ավելի կենսալի և գեղարվեստական ձևի առումով ավելի հասուն: Հետզհետե նկարչուհու ներկապնակը սկսում է հարստանալ նաև նոր երանգավորումով:
Երրորդ շրջանը ընդգրկում է նկարչուհու կյանքի վերջին հինգ տարիները` 1960-1964 թվականները: Արփենիկ Նալբանդյանի համար սկսում է նոր, ավելի հասուն և ավելի բեղմնավոր մի շրջան: Բնությունը կարծեք նրան պարգևում է նոր թափ, նոր եռանդ, նա աշխատանքի է նետվում հավաքելով իր ներքին ողջ պոտենցիալը, սկսում է անդադար վրձինել և աշխատել անկշտում:
Կարծեք, նկարչուհին կանխազգում է մոտալուտ վախճանը և ի հեճուկս ճակատագրի` ստեղծում է գեղանկարչական մի շարք լավագույն գործեր, որոնք անվարան կարող են հանդիսանալ յուրաքանչյուր թանգարանի զարդերը: Այդպիսիք են «Պատանիները», «Խնձորեսկի» երկու տարբերակները, «Խնձորեսկի երեխաները», «Գորիսեցի Օվսաննա մայրիկը», մի քանի դիմանկարներ և բնանկարային էտյուդներ, որոնք նա նկարել է մահվանից մի քանի ամիս առաջ: Արփենիկ Նալբանդյանը այդ գործերում հանդես է գալիս վրձնելու վարպետությամբ, պրոֆեսիոնալ հմտությամբ:
Վերցնենք նրանցից թեկուզ «Խնձորեսկի» երկու տարբերակները, երկու հեքիաթային բնանկարներ, որոնք իրենց կատարման թարմությամբ, գրավչությամբ, գունային հարստությամբ արտակարգ են նկարչուհու գունանկարչական գործերում: Այս բնանկարներում փոխվել է նկարչուհու երանգապնակի գունային նկարագիրը, պայծառացել է, դարձել է ավելի հնչեղ, երանգներով հարուստ, գունային հարաբերություններով ավելի խիզախ ու համարձակ: Դրանք երկուսն էլ Խնձորեսկին նվիրված գեղանկարչական գողտրիկ պոեմներ են և` հայ բնանկարչության լավագույն գործերից են:
Այդ` ինչպես նաև նշածս մյուս աշխատանքներում, Արփենիկ Նալբանդյանը դիմում է գեղարվեստական ձևերի մեծ ընդհանրացումների, գույնի ինտենսիվ արտահայտչականության: Այստեղ արդեն նա խուսափում է նկարագրական սահմանափակումներից և գեղարվեստական ընդհանրացումների միջոցով հասնում է կերպարային լուծումների: Նա փնտրում է երևույթի էականը, ամենաբնորոշը, յուրահատուկը և ընդգծում կերպարի ընդհանուր կողմերը, նրա բուն նկարագիրը:
Ցուցահանդեսում կա Խնձորեսկից կատարած անավարտ մի էտյուդ, որը պատկանում է վերջին շրջանին: Գունային հարաբերությունների ճշտությամբ, տոնային նուրբ երանգավորմամբ, անմիջականությամբ, վրձնահարելու ակնթարթային ուժով բացառիկ է նկարչուհու աշխատանքների մեջ: Չնայած այն կրում է գեղանկարչական ճեպանկարի բնույթ, սակայն ավելի ավարտուն է, քան կարող էր լինել երկարատև աշխատանքից հետո: Այն` արևի լույսի շողերի տակ լեռան լանջին թառած հայկական գյուղի նկարագիրը ընդգծող տիպական մի պատկեր է, որը հագեցած է գույնի շռայլումով և, հեղինակի բնությունից ստացած րոպեների վառ տպավորությամբ:
Արփենիկ Նալբանդյանի արվեստում հաստատուն տեղ է գրավել նաև դիմանկարային ժանրը: Նրա դիմանկարների մեծ մասը արտահայտում է տվյալ անձնավորության նկարագիրը, նրա ներքնաշխարհը, խոհերը, ապրումներն ու տրամադրությունները: Նկարչուհին չի դիմել գունային կեղծ պայմանական ստանդարտի, խուսափել է նաև պատկերվողի նկարագիրը լուծել անավյուն և միապաղաղ երանգապնակի մի քանի սերտած գույներով, այլ` ամեն դեպքում եղել է անձնավորության անհատականությունից, ներքին ու արտաքին հատկանիշներից ու կտավի վրա պատկերել է յուրաքանչյուրի առանձնահատուկը, հարազատն ու պատկանելին: Այդ է հիմնականը, որ նրա դիմանկարները թե հոգեբանական և թե գունային հատկանիշներով ճշմարտացի են:
Դիմանկարների շարքը մեծ է.մենք կխոսենք միայն մի քանիսի մասին, որոնք իրենց գեղանկարչական արժանիքներով առավել աչքի են ընկնում: Առաջինը նրանցից «Աղջիկը պարտեզում» կտավն է, դեռատի աղջկա մի դիմանկար, մի ընդհանրացած կերպար, որն ունի նաև սիմվոլիկ բովանդակություն: Այն կարելի է անվանել նաև «Գարուն»: Ծաղկած ծառերի ֆոնի վրա պատկերված է դեռատի մի աղջիկ, որը կտավից երազկոտ հայացքով և մեղմորեն նայում է դիտողին: Այնտեղ առկա են գարնանային երկու զարթոնք, մեկը բնության, մյուսը`աղջկա: Կտավի գունային լուծումը ամբողջովին արտահայտում է այդ տրամադրությունը: Այստեղ չկան գունային կոնտրաստներ, վառ գույների արհեստական դասավորումներ, այլ տոների մեղմ անցումներով նկարչուհին պատկերել է գարունը: Կտավը շղարշված է պոետիկ տրամադրությամբ, ինչպես ծաղկառատ գարնանային առավոտ:
Այլ է գեղանկարչական լուծումը «Ծաղիկներով կինը» դիմանկարում: Եթե առաջինում պլեները տրված է նուրբ երանգավորումների մոտեցմամբ, ապա այստեղ նա հիմնված է պայծառ գույների ուժեղ հակադրությունների վրա: Նկարի ֆոնը, դեմքն ու թևերը նկարված են տաք գույների` կարմրի, օխրայի վարդագույնի համարձակ զուգորդություններով: Նույն սկզբունքով է լուծված նաև մի այլ, փոքր չափի կանացի դիմանկար: Այն պատկերված է ծովի ֆոնի վրա, դարձյալ լուսառատ է և կրում է միջավայրի գունային անդրադարձումները: Կանացի գլուխը ֆոնից համարձակորեն անջատված է, սակայն չնայած դրան, երբեք չի խախտվում նկարի գունային ամբողջականություն:
«Գորիսեցի Օվսաննա մայրիկը» կտավը պատկերում է կոնկրետ անձնավորության, որին նկարել է Ա.Նալբանդյանը, երբ նա 1962թ. գտնվում էր Զանգեզուրում: Սակայն այդ դիմանկարի միջոցով մենք հաղորդակից ենք լինում ոչ թե մի անհատի հետ, այլ Զանգեզուրի կանանց ընդհանրական կերպարի հետ: Նրա իմաստալի հայացքի մեջ կա կյանքի փորձ կուտակած հաստատակամություն, կենսախնդություն: Այն աշխատունակ և հողի հետ կապված աշխատավորուհու նկարագիր է: Այդ մի հավաքական կերպար է, որը բնորոշ է մոնումենտալ բնության ծոցում ապրող Զանգեզուրի կանանց: Նկարչուհին նրան պատկերել է կապտականաչավուն ֆոնի վրա, մեղմորեն վրձնելով բազմագույն զգեստի տոնային նրբանցումները:
Արփենիկ Նալբանդյանը նկարել է նաև մտավորականների դիմանկարների մի շարք: Նրանցից յուրաքանչյուրի մեջ ցոլանում է պատկերվողի բնավորության տիպական գծերը, նրանց պատկանող առանձնահատուկը, անհատականը, երբեմն խոհական, երբեմն պոետիկ տրամադրությամբ, երբեմն էլ խստահայաց: Այդպիսիք են օրինակ` խոհուն ու հետաքրքասեր հայացքով ուղղակի դիտողի աչքերին նայող Վարդան Աճեմյանը, լիրիկական ներշնչանքով իր բանաստեղծությունն արտասանող պոետ Հրաչյա Հովհաննիսյանը, բազմամյա պեղումների ծանր բեռան տակ կքած, բայց դեռ կայտառ ու հաղթանդամ, ուժեղ կամքի տեր հնագետ-գիտնական Կարո Ղաֆադարյանը, Զանգեզուրի սեգ սարերին իր հայացքը հառած Սերո Խանզադյանը:
Սակայն ինչքան էլ այդ դիմանկարները հագեցած լինեն նկարչուհու տաղանդի մասնիկներով, չեն կարող ներքին հախուռն թափի և ուժի առումով հասնել Արփենիկ Նալբանդյանի «Ինքնանկարին», որը հանդիսանում է այդ շարքի թագակիրը: Նրա մեջ է Արփենիկ Նալբանդյանն իր ողջ էությամբ, հայացքի սևեռուն խորաթափանցությամբ, խիզախելու տրամադրությամբ, վճռականությամբ և սկզբունքայնությամբ: «Ինքնանկարը» բարձր է իր գեղարվեստական ակնհայտ արժանիքներով: Այն կատարված է գույնի խոր զգացողությամբ, վրձնահարվածների համարձակ ծեփվածքով, կոլորիտի նրբագեղությամբ:
Ուրիշ ոչ ոք, քան ինքը` հեղինակը, չէր կարող այդքան ճշմարտացի, տաղանդի այդպիսի փայլով պատկերել իր ներքնաշխարհը:
Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունների ետմահու անհատական այս ցուցահանդեսը ապացույց է այն ճշմարտության, որ նրա արվեստը իր խոհերով և հույզերով հարազատ է մեր ժողովրդին և սովետահայ կերպարվեստում գրավել է իր արժանի տեղը:

Արա Սարգսյան
ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ

Արփենիկ Նալբանդյան
(1916-1964)

 

Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թվի դեկտեմբերին, Թբիլիսիում:
1935 թվին ընդունվել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան: 1941-ին ավարտել է ստանալով գեղանկարչի կոչում (նրա դիպլոմային աշխատանքն է եղել «Թեյ հավաքողներ» կոմպոզիցիան):
1941 թվին ամուսնացել է նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի հետ և տեղափոխվել է Երևան` մշտական բնակության:
Պատկերահանդեսների առաջին մասնակցությունը 1941-ին էր:
Այնուհետև մշտապես մասնակցել է հանրապետական ու համամիութենական պատկերահանդեսներին: Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Մոսկվայում, Լենինգրադում, Տալլինում, Թբիլիսիում, Բաքվում և այլուր:
1942 թվից Ա.Նալբանդյանը Հայաստանի կերպարվեստագետների միության անդամ էր
Նկարչուհին աշխատել է թեմատիկ նկարի, դիմանկարի ու բնանկարի բնագավառում: Ստեղծագործական 25 տարիների ընթացքում վրձնել է շուրջ 300 կտավ (2 տասնյակից ավելի կոմպոզիցիոն աշխատանքներ, բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև նատյուրմորտներ, բնանկարներ և էտյուդներ):
Արփենիկ Նալբանդյանը ակտիվորեն մասնակցել է հանրապետության ինչպես գեղարվեստական այնպես նաև հասարակական կյանքին: Երկու անգամ ընտրվել է Երևանի քաղաքային սովետի դեպուտատ:
1946 թվից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, սկզբում իբրև ավագ դասախոս, հետագայում` գեղանկարչության ամբիոնի դոցենտ:
1948 թվին Երևանում կազմակերպվել է նրա ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, ուր ցուցադրվել է 38 աշխատանք:
1956 թվին նրան շնորհվել է հանրապետության վաստակավոր նկարչի կոչում:

Edit this page

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *