Բեքարյան Ա. – Նկարչուհու ուղին – ամս., «Սովետական արվեստ», Ե., 07.1964, էջ 25-33

Հոդվածը տպարանում էր, երբ տաղանդավոր նկարչուհին վաղաժամ հեռացավ կյանքից, իր ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում: Մեր կերպարվեստը դեռ շատ սպասելիքներ ուներ նրանից: Բայց այն, ինչ նա ստեղծել է և այս տխուր պահին դառնում է նրա թողած ժառանգությունը, իր հաստատուն տեղն ունի մեր արվեստում:

Վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանը սովետահայ կերպարվեստի այն ներկայացուցիչներից է, որոնց ստեղծագործական համառ ջանքերով մեր մշակույթի այդ բնագավառը ազգային դպրոցի կազմավորման իր հետագա փուլն ապրեց քառասնական թվականների կեսերից սկսած:
Թբիլիսիի գեղարվեստական ակադեմիան ավարտելուց հետո, Նալբանդյանը հետզհետե ավելի հստակ դրսևորեց ստեղծագործական իր յուրահատուկ ձգտումներն ու հակումները: Գեղանկարչության ամենատարբեր ժանրերում` թեմատիկ-կոմպոզիցիոն պատկեր, դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, Արփենիկ Նալբանդյանը հավասար լրջությամբ ու խանդավառ սիրով պատկերեց մարդուն, նրա հոգեկան ամենատարբեր դրսևորումները, նրա կյանքը, կենցաղն ու աշխատանքը, հայրենի բնաշխարհի գեղատես անկյունները, մրգեր, ծաղիկներ: Գույնի յուրատիպ զգացողությամբ օժտված նկարչուհին հետզհետե երփնագրման իր անհատական երանգներն ու եղանակները գտավ, ռեալիստական ամուր միջոցներ, որ հյութեղ ու գունագեղ, նյութականորեն հագեցած դարձրին նրա լավագույն ստեղծագործությունները: Գեղանկարչի այս առանձնահատկությունների շնորհիվ Արփենիկ Նալբանդյանը դարձավ ստեղծագործական իր հետաքրքրությունները, իր ուրույն դեմքն ու ինքնատիպությունն ունեցող նկարիչներից մեկը մեր կերպարվեստի ակտիվ գործիչների շարքում: Տաղանդավոր արվեստագետը ստեղծեց մի ամբողջ շարք այնպիսի ստեղծագործություններ, որոնցով սովետահայ գեղանկարչությունն այսօր իրավամբ հպարտանում է:
Ինչպես ամեն մի արվեստագետ, Նալբանդյանը նույնպես ունի իր նախասիրած թեման.նա առանձին հաճույքով և ոգևորությամբ է աշխատել կերպարի վրա, երգել է կնոջ երիտասարդությունը, մայրական զգացմունքները, անբասիր աշխատանքը: Այս կապակցությամբ արժե հիշել արվեստագիտուհու խոսքն այն մասին, որ շարունակ իր ցանկությունն է եղել`գովերգել կնոջ և՛ հոգեկան, և՛ մարմնական գեղեցկությունը: Այս է պատճառը, որ նրա ստեղծագործության մեջ այդքան շատ են կանացի դիմանկարները:
Ա.Նալբանդյանի անցած ստեղծագործական ուղին կարելի է բաժանել երեք շրջանի: Դրանցից առաջին Թբիլիսիի նկարչական ակադեմիայի ուսանողական տարիներն են.լարված աշխատանք, երեկոյան` բնորդի ժամեր, վեճեր Լեոնարդոյի, Վելասկեզի և Դելակրուայի մասին, ցուցահանդեսներ, անքուն գիշերներ` դիպլոմային աշխատանքի վրա…
Թբիլիսյան ակադեմիան, որն իր որոշակի կնիքն է դրել նկարչուհու ստեղծագործության այս շրջանի վրա, ուներ իր առանձնահատկությունները: Այստեղ առանձին ուշադրություն չէին դարձնում գեղանկարչության այնպիսի կողմերին, ինչպիսիք էին օդայնության, գույների փոխազդեցության և տարածականության խնդիրները: Դասավանդման մեջ հիմնական շեշտը դրվում էր գծանկարի` պատկերի ճշգրիտ կառուցման, ծավալի և ձևի սուր զգացողության վրա:
«Բնորդուհի» (նեգրուհի) աշխատանքը նկարչուհու այդ շրջանի գեղարվեստական ըմբռնումների ցայտուն օրինակներից է, որտեղ, նկարչուհին ոչ միայն ծավալները հյութեղ երփնագրով վերարտադրելու կարողություն է դրսևորում, այլև լոկալ գունաբծերի մեջ երանգների հարուստ գամմա տեսնելու հմտություն, կերպավորման ամենատարբեր ձևերով բնորդի հոգեկան աշխարհը բացահայտելու որոշակի շնորհք: Այդ տիպի աշխատանքներից են նաև «Մտորումների մեջ», «Ինքնանկար», «Կարմիր գլխարկով աղջիկը» և էլի մի քանի գործեր:
Այս շրջանի կտավներում գերիշխում են կարմիրը, սևը, սպիտակը կամ դեղինը, որոնք առանձնահատուկ հագեցվածությամբ են օժտում նկարը, այն դարձնում ծանրակշիռ և ջերմացնում նրա մթնոլորտը:
Թբիլիսիից տեղափոխվելով Երևան, նկարչուհին ընկնում է մի այնպիսի միջավայր, ուր գեղանկարչությունը սերտորեն կապված էր պլեների հասկացության հետ: Այդ իմաստով մեր արվեստի վրա իրենց տաղանդի անջնջելի կնիքն էին դրել Սարյանը, Կոջոյանը, Առաքելյանը: Տաղանդավոր նկարչուհին, իհարկե, անտարբերությամբ չէր կարող անցնել այս բոլորի կողքով:
Սկսվում են Նալբանդյանի ստեղծագործության երևանյան բեղուն և արգասավոր տարիները: Այս շրջանի գործերից շատերը` «Հանգստացող կոլտնտեսուհին», «Հետաքրքրասերները», «Աղբյուրի մոտ», «Տատիկի հեքիաթը», «Ուսման գերազանցիկները», «Հետաքրքիր գիրք» և այլն, ուշագրավ են իրենց սյուժեներով և կոմպոզիցիոն հետաքրքիր մտահղացումներով:
Այս տարիներին սովետահայ կերպարվեստում ստեղծագործական ակտիվ որոնումներ էին կատարվում ժամանակակից կյանքն արտացոլող թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերներ ստեղծելու համար: Դրանց թիվը մեր ցուցահանդեսներում դեռևս փոքր էր, և ահա Արփենիկ Նալբանդյանի կտավները գալիս են որոշ չափով լրացնելու այդ պակասը: Վերը հիշված կոմպոզիցիաները կառուցված են սյուժետային որոշակի պատումի ձևով, կոմպոզիցիայի իմաստն արտահայտող գործողության կոնկրետ պահի պատկերումով: Սակայն այդ աշխատանքներում Նալբանդյանը չի սահմանափակվում գործողության նկարագրությամբ, ինչպես ոմանք էին անում իրենց գործերում: Հոգեբանորեն խորացնելով իր հերոսների կերպարները, նկարչուհին ընդարձակում է կտավների բովանդակության շրջանակաները:
Հետագա տարիներին Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործություններում նկատելի է դառնում նկարչուհու ձգտումը դեպի լակոնիզմը: Կոմպոզիցիոն կտավներում ֆիգուրների թիվը պակասում է, իսկ գույնը պարզորոշ առնչվում է բովանդակության հետ, դառնում ավելի հնչեղ ու թափանցիկ: Այս տիպի լավագույն ստեղծագործություններից է Նալբանդյանի «Փշատ հավաքող կինը» միաֆիգուր կոմպոզիցիան: Մեծադիր մի կտավ է սա, որտեղ տան հողածածկ կտրին, փշատի կարմրա-ոսկեգույն կույտի մոտ նստած առողջ ու մարմնեղ կինը մաղի մեջ տեսակավորում է բերքը: Գործով տարված կնոջ կերպարը, թարմ ու հյութեղ կանաչի մուգ բծերը, որ հակադրվում են փշատի կույտի ոսկե-կարմրին, արևով ողողված կտուրի հարթություններին, ազգային ընդգծված երանգ են տալիս կտավին, կենսահաստատ լավատեսությամբ հագեցնում նկարի բովանդակությունը:
Գեղարվեստական նոր, հիանալի գծեր են դրսևորվում Արփենիկ Նալբանդյանի` այդ տարիներին կատարած պորտրետային աշխատանքների մեջ: Իր երեխաների` Մհերի և Արամիկի դիմանկարում կոմպոզիցիոն անմիջական ընկալմամբ նա ներկայացրեց հոգեբանական որոշակի նկարագիր ունեցող երկու եղբայրների, որոնցից մեծը` արդեն պատանի, իր հետաքրքրությունների և մտածումների ուրույն աշխարհն ունի, իսկ փոքրը` զգայուն և ջերմ, ավելի անմիջական է:
Թափանցիկ կանաչներով ու սևերով, հողագույների սառը և տաք բաբախուն տոներով և կիսաստվերների մեղմ մշակումներով է կատարված «Ինքնանկարը» (1957թ.): Հոգեբանական ինքնաթափանցման խորությունը, կատարման բարձր վարպետությունը, իրավամբ, մեր դիմանկարչության լավագույն գործերից են դարձրել այս աշխատանքը:
«Նատյուրմորտը» (1958թ.) բնորոշ գործ է Նալբանդյանի այս շրջանի վարպետության աստիճանը բնութագրելու առումով: Կտավը` թրթռուն վրձնահարվածներով նկարված դաշտային ծաղիկներ, հյութեղ մրգեր, իրոք, խոսում է կյանքի անհուն բերկրանքն զգացող նկարչուհու մասին:
1956-57թվականներից սկսած նկատելի բեկումը Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործության մեջ դրսևորվեց ոչ միայն գույնի օգտագործման, տարածական խնդիրներն ու պլեներային հարցերը լուծելիս: Այն նշանավորվեց նոր մոտեցմամբ, հատկապես թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերի կառուցման հարցերում, մի բան, որ ժանրային, պատմողական պասիվ տարրերից (որ երբեմն առկա էին նրա 40-ական թվերի վերջերին և 50-ականների սկզբներին ստեղծած կոմպոզիցիաներում) ազատեց թեմատիկ-կոմպոզիցիոն աշխատանքները: Հատկանշական է, որ Նալբանդյանն իր նոր կոմպոզիցիաներում կարծես առանձին որոնումներ «չի կատարում» դիտված մոտիվը պատկերելու համար: Նա ինչպես դիտում է, այնպես էլ նկարում է: Սակայն արտաքինից չերևացող, բայց մտածված դասավորությունները, ֆիգուրների ներքին, իմաստավորված կապը, միջավայրի ակտիվ օգտագործումը կենսական մեծ համոզչականություն են հաղորդում այդ աշխատանքներին: Բջնի գյուղում կատարած ժանրային թեմաներով կոմպոզիցիաները` «Աղբյուրի մոտ», «Քաղհան անողները», «Լեռնցի աղջիկը» և մի շարք այլ կտավներ եկան վկայելու Նալբանդյանի արդեն կազմակերպված ստեղծագործական անհատականությունը:
Բջնիում կատարված աշխատանքների մեջ ասես ամբողջանում են Նալբանդյանի ստեղծագործության որոնումները, նշմարվում նրա արվեստի զարգացման հետագա ուղիները:
Առանձնապես նկատելի արդյունքներով նշանավորվեց 1962 թվականը և նրանից հետո եկող ժամանակը: Լեռնային Խնձորեսկում նկարչուհին բեղուն ամառ անցկացրեց, խանդավառ աշխատանքի մի շրջան, որ թեմաների մի ողջ աշխարհ տվեց նրան, ստեղծագործական լիցք ու եռանդ: Օդեղեն ու արտացոլումներով հարուստ երփնագիրը տեղ-տեղ ընդհանրանում, դեկորատիվ կազմակերպվածություն է ստանում, դառնում է կենսական, թրթռուն: Սառ և տաք տոները իմաստավորված հակադրությունների մեջ են մտնում, ընդգծելու համար, ասենք, ձորի այս եզրն ու հեռու, մշուշի մեջ ձուլվող լեռների կապտա-կանաչ թավիշը, մարդկանց դեմքերին խաղացող լույսի էֆեկտները և երկնքի լուրթ կապույտը: Ահա հենց բնականից արված, սակայն կոմպոզիցիոն պատկերի ավարտվածության հասցրած «Խնձորեսկի երեխաները»: Երեք աղջիկ են, ծերպի ծայրին, ժպտերես, կենդանի, լուսավոր գետնի տաք արտացոլումներից շիկնած դեմքերով: Նալբանդյանն այստեղ ոչ այնքան իր հերոսների սյուժետային արտաքին փոխհարաբերությանն է ձգտում, որքան ներքին, հոգեբանական կապին, որ արտահայտվում է երեխաների գեղարվեստորեն անհատականացված կերպարներում:
Իսկ «Խնձորեսկ» (1962թ.) բնանկարում արդեն դժվար է նույնիսկ նկարագրական մոտեցման հետք գտնել.մենք տեսնում ենք մի արվեստագետի, որ ընդունակ է իր ոգևորությամբ համակել դիտողին: Այստեղ Նալբանդյանի վրձինը համարձակ է, քան երբևիցե, գունային գամման հնչեղ է, համոզիչ, միանգամայն ազատ երբեմնի պայմանականությունից: Նույն արժանիքներով են օժտված նաև փոքրիկ Արամի դիմանկարը, «Սյուզիկը», «Պատանիներ» աշխատանքները:
Նկարչուհին մեծ նշանակություն է տալիս ֆակտուրային, վրձնի քսվածքը լիովին բացահայտում է արվեստագետի հախուռն բնավորությունն ու թափը:
Ինչպես հոդվածի սկզբում նշվեց, Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունների մեջ իշխող թեման կինն է` իր աշխատանքով, հոգսերով, կանացի իր հմայքով ու գեղեցկությամբ: Առողջ, կենսալից, աշխատասեր, հոգատար, քնքուշ ու նազելի, — ահա այն կերպարագծերը, որոնք ամենատարբեր երանգներով դրսևորվել են Արփենիկ Նալբանդյանի աշխատանքներում: Ստեղծագործական իր որոնումներում Արփենիկ Նալբանդյանը չի գնացել ինչ-որ մտացածին իդեալի ետևից: Նրա իդեալը կյանքի, մեր օրերի մարդն է եղել, հասունացող աղջիկը, կինը` աշխատավորուհին, մայրը: Եվ երբ համեմատում ենք կանացի երկու դիմանկար աշխատանքներ` «Բնորդուհին» (1941թ.) և «Թթու դնող կինը» (1959թ.), պարզորոշ նկատում ենք, որ նկարչուհին միշտ էլ ձգտել է թափանցել պատկերվող կանանց հոգու խորքը, աշխատել է վեր հանել նրանց մարդկային գեղեցիկ արժանիքները:
Արփենիկ Նալբանդյանը երբեք անտարբեր չի եղել դեպի նատուրան: Նա ակտիվ ստեղծագործող է, և այդ հանգամանքը հիմնական դեր է խաղացել նրա արվեստի ձևավորման գործում: Այդ մասին են խոսում ոչ միայն նրա կոմպոզիցիոն կտավները, մեր բնաշխարհի տեսարանները, այլև աշխույժ, կենդանի շնչով կատարված դիմանկարների շարքը: «Ռեժիսյոր Աճեմյանը», «Բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանը», «Զանգեզուրցի կինը» և այլ նկարներ, որոնք կատարված են 1963 թվականին, բացահայտում են այդ մարդկանց ներաշխարհը, միաժամանակ բնորոշելով արվեստագետին, որ սիրում է մարդուն:Արփենիկ Նալբանդյանի մոտ քսանամյա ինքնուրույն ստեղծագործական կյանքը, ինչպես տեսնում ենք, գեղարվեստական որոնումների, ձեռքբերումների մի ժամանակաշրջան է: Իր իդեալները բխեցնելով կյանքից, նա անկեղծորեն ձգտել է հասնել դրանց գեղարվեստական լիարժեք դրսևորմանը, և այս ճանապարհով, ռեալիստական արվեստի իր սեփական արահետներով եկել, մեր օրերն է հասել որպես հասուն, ինքնատիպ մի ստեղծագործող:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *