Արփենիկ Նալբանդյան – թերթ, «Սովետական Հայաստան», Ե., 19.05.1964

Ծանր կորուստ կրեց սովետահայ կերպարվեստագետների ընտանիքը: Իր ստեղծագործության ամենածաղկուն շրջանում վախճանվեց ռեսպուբլիկայի վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանը:
1941 թվականին ավարտելով Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան, Ա.Նալբանդյանը տեղափոխվում է Երևան և ամբողջովին կապվում մեր ժողովրդի և հայ կերպարվեստագետների կոլեկտիվի հետ:
Երկու տասնամյակ, չխնայելով իր ուժերը, նա անձնվիրաբար նվիրվեց մեր կերպարվեստին: Նրա կոմպոզիցիոն կտավները, պորտրետների մեծ շարքն ու նկարչագեղ բնանկարները լավագույն ապացույց են նկարչուհու անաղարտ ու ազնիվ սիրո, որը տածում էր նա մեր մշակույթի հանդեպ:
Նա ապրեց և ստեղծագործեց իբրև իսկական մարտնչող ռեալիստ նկարիչ:
Ա.Նալբանդյանը երկար տարիներ մեծ նվիրվածությամբ ու հոգատարությամբ դասավանդում էր գեղարվեստա-թատերական ինստիտուտում, հաղորդելով ուսանողներին ազնիվ զգացմունքներ, ամուր կապելով նրանց խոր հույզեր ու խոհեր արտահայտող արվեստի աշխարհի հետ:
Ա.Նալբանդյանն իր ստեղծագործական ու մանկավարժական աշխատանքներին զուգահեռ տանում էր հասարակական մեծ աշխատանք: Նա բազմիցս ընտրվել է Երևանի քաղաքային սովետի դեպուտատ:
Կառավարությունը, բարձր գնահատելով շնորհալի նկարչուհու աշխատանքը, նրան շնորհել է ՀՍՍՌ վաստակավոր նկարչի պատվավոր կոչում և պարգևատրել մեդալներով ու պատվոգրերով:
Բնավորությամբ համեստ, տաղանդավոր արվեստագետի` Ա.Նալբանդյանի պայծառ հիշատակը, միշտ վառ կմնա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *