Նորից Արփիկ Նալբանդյանի արվեստանոցում եմ:Այստեղ, այս լուսառատ արվեստանոցում, ամեն անգամ այցելելիս զգում եմ կյանքի թրթիռը: Մտքերի, հույզերի, ծանոթ ու անծանոթ դեմքերի, հայրենի բնաշխարհի գողտրիկ անկյունների, փոքրիկ, սակայն բազմաբովանդակ և տրամադրություններով բազմապիսի այս փոքրիկ աշխարհում ես ամեն անգամ համակվում եմ մեր կյանքի ռիթմով ու հևքով: Պատերից կախված, թե կտավակալի վրա, այդ կտավների յուրաքանչյուրի մեջ նկարչուհին պահ է տվել իր հույզերի ներքնաշխարհից մի մասնիկ, մի պատառիկ, երբեմն ընդվզող, երբեմն մեղմ ու քնարական:Արփիկ Նալբանդյանը կյանքը սիրում է իր բազմազանության մեջ, նրանում փնտրում և գտնում վեհը, իմաստալին, լավն ու գեղեցիկը: Նա երբեք չի ձգտում գունազարդել այն, այլ նա պատկերում է կյանքը այնպես, ինչպես որ կա, ճշմարտացի, պարզ ու անպաճույճ:Արփիկ Նալբանդյանի նկարները շղարշված են յուրօրինակ քնարական շնչով, դիտողը դրանցում զգում և գտնում է իր շրջապատի, առօրյայի շունչը, պատկերը, լինեն դրանք աշխատանքային մոտիվներով կտավներ, դիմանկարներ, թե բնանկարներ, միևնույն է, դրանց մեծագույն մասը օժտված է հուզականությամբ, արտահայտչականությամբ: Այդ է ահա «գաղտնիքը», որ նրա արվեստը իր այդ հատկություններով գրավիչ է ու ներգործուն:Ա.Նալբանդյանը պատկանում է իրապաշտական դպրոցին: Նրա ստեղծագործական մեթոդը հենվում է այդ դավանանքի առողջ սկզբունքների վրա: Նա այդ հարցերում խիստ սզբունքային է և հետևողական: Իր ստեղծագործական պրակտիկայում նկարչուհին միշտ էլ առաջնորդվել է այդ սկզբունքներով և երբեք չի ենթարկվել ձևապաշտական հոսանքների կամ ուղղությունների ազդեցություններին: Նրա ստեղծագործության ակունքը եղել և մնում է մեր ժողովրդի կյանքը իր ողջ բազմազանությամբ ու հարստությամբ.նա իր կտավների թեմաները քաղել է միշտ այդ անսպառ ակունքից:Ընդամենը քսան տարի է, գուցե մի քիչ ավելի, ինչ Արփիկ Նալբանդյանը ասպարեզ է եկել և ստեղծագործում է, իր անհատականությամբ ուրույն տեղ գրավելով սովետահայ գեղանկարչության մեջ: Սակայն այդ երկու տասնյակ տարիների, հատկապես վերջին մի քանի տարիների, գործերը պերճախոս են նկարչուհու պրոֆեսիոնալ հասունության, վարպետացման և ստեղծագործական խիզախումների համար:Քսան տարի առաջ, Հայրենական մեծ պատերազմի առաջին տարիներին, հայրենասիրությամբ հագեցված ստեղծագործություններով և պրոֆեսիոնալ լավ պատրաստվածությամբ երիտասարդ նկարիչներ հանդես եկան մեր ցուցահանդեսներում: Երիտասարդ, խոստումնալից և տաղանդավոր արվեստագետների այդ խմբին էր պատկանում նաև Արփիկ Նալբանդյանը: 1941 թվականին, ավարտելով Թբիլիսիի գեղարվեստական ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետը, նա փոխադրվեց Երևան և իր ստեղծագործական կյանքը սերտորեն կապեց հարազատ ժողովրդի մշակութային վերելքին:Ահա, պատերազմի այդ թեժ օրերին, շնորհիվ ստեղծագործական եռանդուն գործունեության, նկարչուհու ստեղծագործությունների մեջ ցայտուն կերպով դրսևորվեց խոր գաղափարայնություն:Գաղափարական այդ հենարանը հետագայում դարձավ նրա ստեղծագործական կյանքի առաջատար ուժը: Այդ է հիմնականը, որ Արփիկ Նալբանդյանի կտավները, որ ժանրին էլ որ պատկանելիս լինեն, հագեցված են գաղափարական բովանդակությամբ և գեղարվեստական ձևի արտահայտչականությամբ: Դեռևս այդ տարիներին, իր առաջին իսկ կտավներով, ինչպես` «Դաշտից վերադարձ», «Նվերներ ռազմաճակատին», «Տրակտորիստներ», «Սովետական մարդկանց արտաքսումը դեպի Գերմանիա», նա հաստատեց, որ օժտված է կոմպոզիցիոն-ֆիգուրատիվ կտավներ ստեղծելու պրոֆեսիոնալ ակնհայտ ունակությամբ և շնորհքով: Հետագա երկու տասնամյակները ավելի զարգացրին ու ամրացրին Ա.Նալբանդյանի արվեստի վերոհիշյալ լավագույն հատկությունները, դարձնելով նրան մեր արվեստագետների միջին սերնդի առաջատար վարպետներից մեկը: Այդ տարիներին ավելի լայնացավ նկարչուհու ստեղծագործական հորիզոնը նաև ժանրի իմաստով: Նա ստեղծեց բազմաթիվ դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, սակայն նրա արվեստի հիմնականն ու առաջնայինը միշտ մնաց կոմպոզիցիոն-ֆիգուրատիվ ժանրը: Այսպիսով նկարչուհու նախասիրած թեմաներն են` աշխատանքային մոտիվները, սովետական պատանեկության ու երիտասարդության կյանքը պատկերող դրվագները:Ա.Նալբանդյանը պատկանում է նկարիչների այն խմբին, որոնք անտարբեր չեն դեպի պատկերվող օբյեկտը, այլ դրսևորում են ստեղծագործական ակտիվ վերաբերմունք: Դիտելով շրջապատի երևույթները, նրանք ընկալում են այդ երևույթների էականը, առաջնայինը և վերարտադրում, անցկացնելով մտքերի ու հույզերի իրենց ներաշխարհով, իմաստավորելով յուրաքանչյուր երևույթ առաջավոր գաղափարայնությամբ և գեղարվեստական արտահատիչ ձևերով: Նման արվեստագետները միշտ քայլում են ժամանակի հետ և իրենց ապրած ժամանակը իմաստավորում են իրենց ստեղծագործություններովԱ.Նալբանդյանի աշխատանքային մոտիվներով համակված կտավներում գերակշռողը աշխատանքի պոեզիան է: Նկարչուհու կտավներում զգում ենք աշխատանքից մարդու ստացած բարոյական ու հոգեկան բավարարումը, ժողովրդի համար բարիքներ ստեղծող մարդու հոգեբանությունը, ստեղծագործ ու հանրօգուտ աշխատանքի պոեզիան: Այդ տրամադրություններով են օժտված նրա «Հանգստացող կոլտնտեսուհին», «Կաղամբի քաղհանը»` երկու տարբերակներով, «Փշատ հավաքողը» և ուրիշներ: Այս տրամադրություններին մենք հաղորդակից ենք լինում ոչ միայն կոմպոզիցիոն հետաքրքիր մտահղացումներով, այլ ամենից առաջ նկարի գունային բազում հաճելի երանգների, մեղմ ու ներդաշնակ անցումների շնորհիվ: Նրա նախասիրած գույներն են արծաթամոխրագույնը և կապտականաչավունը:Արվեստանոցում` դեռ կիսավարտ, կտավակալի վրա է «Քաղհանողների» երկրորդ տարբերակը: Այդ կտավը ստացել է ինքնատիպ կոմպոզիցիոն լուծում: Երեկոյան պահ է: Կոլտնտեսուհիները քաղհանում են դաշտը: Նրանցից երկուսը հագեցնում են իրենց ծարավը: Ձախ կողմում, կտավի ներքին եզրից մինչև վերևը, բարձրանում են մի քանի նրբիրան բարդիներ: Կտավի կենտրոնը, ուր աշխատում են կանայք, լուսավորված է վերջալույսի ոսկենարնջագույն մեղմ տոներով, մնացածը ողողված է կապտականաչավուն երանգների մշուշի մեջ:Դա մի պահ է, որ հիշեցնում է ինձ Միսաք Մեծարենցի սքանչելի բանաստեղծություններից հետևյալ տողերը`Սա իրիկունն ըլլայի ես,Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագես,Եվ ամենուն տայի հուրքես, ոսկիես:Սա իրիկունն ըլլայի ես:Ահա՛ նկարչուհու աշխատանքային իրիկնապահի պատկերման բանաստեղծական ներշնչանքի գուցե և սկզբնաղբյուրը:Նկարչուհու նախասիրած մյուս թեման պատանեկությունն ու երիտասարդությունն է: Վերջերս նա ամբողջովին կլանվել է այդ թեմայով.չէ՞ որ պատանեկությունն ու երիտասարդությունը մեր կյանքի ժպիտն են, ուրախությունը, մեր երկրի ապագան: Ա.Նալբանդյանը դիտում, ուսումնասիրում է նրանց առօրյան, նիստ ու կացը, խաղերը, թափանցում մանկական հոգու խորքը և քաղում այնտեղից անսպառ նյութ իր ստեղծագործությունների համար:«Ուսման գերազանցիկներ», «Հետաքրքիր գիրք», «Տատիկի հեքիաթները», «Աղբյուրի մոտ», «Մանկական երկաթուղագիծը», «Հետաքրքրասերները», «Իմ երեխաները», «Խնձորեսկի երեխաները»: Մենք թվեցինք նման գործերից միայն մի քանիսը, որոնք ցուցահանդեսների միջոցով արդեն ծանոթ են մեր արվեստասեր հասարակությանը:Նկարչուհու արվեստանոցում դրանց թիվը ավելի շատ է` էսքիզային վիճակում թե ավարտված: Այդ գործերը, լինեն դրանք փոքր թե մեծ, բազմաֆիգուր թե դիմանկարային, բնանկարի ֆոնի վրա թե ինտերյերում, հետաքրքիր են ու գրավիչ իրենց բովանդակությամբ: Նկարչուհին գտել է պատանիներին հատուկ հոգեբանական կացություններ, կոմպոզիցիոն ուրույն լուծումներ և գեղարվեստական խոսուն ձևեր:Եթե քառասնական թվականների սկզբին այդ կարգի ստեղծագործություններում դեռևս զգալի էր երիտասարդ նկարչուհու ձևերի անհամարձակ վրձինումը, մանրամասների անտեղի մշակումը, պատկերի ծանրաբեռնվածությունը, գունային միապաղաղությունը, ապա հետագա տարիներին Ա.Նալբանդյանը ստեղծում է կենսալի, ճշմարտացի ու արտահայտիչ գործեր: Դրանցից լավագույնը մենք համարում ենք «Խնձորեսկի աղջիկները» կտավը: Այդ նկարի կոմպոզիցիան իր պարզությամբ գրավիչ է.երեք աղջիկների ֆիգուրները հմտորեն տեղադրված են Խնձորեսկի սարն ի վեր բարձրացող տների աստիճանաձև ֆոնի վրա.նրանք` այդ աղջիկները կենսախինդ են, ժպտադեմ, անմիջական ու բարեհամբույր: Նկարը ողողված է լույսով, գույները հնչեղ են, թափանցիկ, մաքուր, նրանց ընդգծված հակադրությունները ավելի են կենդանացնում նկարը: Վրձնահարումը համարձակ է ու վստահ: Այս գործը անշուշտ նկարչուհու վերջին մի քանի տարիների ստեղծագործական ակնառու հաջողությունն է:Արվեստանոցի պատերից մերթ խստաբարո, մերթ քնարական, մերթ ժպտադեմ, երազուն կամ հպարտ քեզ են նայում դեմքեր, ամեն մեկը իր յուրահատուկ բնավորությամբ, հոգեբանությամբ, տրամադրությամբ, բնորոշ շարժումով: Նրանք շատ են: Տարբեր հասակի ու պրոֆեսիայի մարդիկ, տարբեր` մանավանդ ներաշխարհով: Ահա՛, գլխի մեղմ թեքությամբ, նշաձև խոշոր ու գեղեցիկ աչքերով, երազուն հայացքով քեզ է նայում գորիսեցի երիտասարդ կինը: Նրա կողքին` ձեռքերը ծնկին հավաքած, Զանգեզուրի բնորոշ ու գունագեղ զգեստը հագին, նստել է տաթևցի կինը: Նրա իմաստալի հայացքում կա կյանքի փորձ կուտակած կնոջ հաստատակամություն, կենսախնդություն: Նկարչուհին նրան պատկերել է կապտականաչավուն ֆոնի վրա, մեղմորեն վրձնելով բազմագույն զգեստի տոնային նուրբ անցումները: Նրա կողքին, մի պահ` ընթերցանությունը թողած, հետախույզ հայացքով ուղղակի աչքերիդ է նայում ռեժիսյոր Վարդան Աճեմյանը: Մի քիչ այն կողմ, չարաճճի ժպիտը դեմքին, ուրախ տրամադրությամբ հրճվում է գյուղի աղջիկը` կոլտնտեսուհին: Նրան հարևան են դառել դաշնամուրի կողքին նստած, քնարական տրամադրությամբ մեղմորեն նայող կապտաչյա Ավետլանան, ավելի անդին` լրջախոհ Մերին, նրա մոտ` ստիպակ ջեմպրը հագին, առույգ ու խրոխտ, մարմնամարզիկ Արամը: Ձախ պատին կախված է հնագետ-գիտնական Կարո Ղաֆադարյանի արտահայտիչ դիմանկարը: Նա շրջապատված է հնադարյան նորահայտ իրերով` սափորներով, կճուճներով, բեկորներով: Ահա և իր` նկարչուհու ինքնանկարը: Այն կատարված է վարպետորեն, վրձնի համարձակ հարվածներով, գունային հագեցված և ինտենսիվ համադրություններով: Սա անշուշտ նկարչուհու ինքնանկարներից լավագույնն է:1962 թվականը Արփիկ Նալբանդյանի համար հանդիսացել է ստեղծագործական բերքի առատ տարի: Նա այդ թվականին եղել է Զանգեզուրում, նկարել է բազմաթիվ բնանկարային էտյուդներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, հավաքել է առատ նյութ հետագա իր կոմպոզիցիոն կտավների համար:Երկու «Խնձորեսկներ», երկու լուսաշող, հեքիաթային բնանկարներ, որոնք իրենց կատարման թարմությամբ, գրավչությամբ, գունային հարստությամբ արտակարգ են նկարչուհու գունանկարչական գործերում: Նրանց` այդ երկու Խնձորեսկների մասին, առանց ոգևորության և հուզմունքի չի կարելի խոսել: Այս բնանկարներում փոխվել է նկարչուհու երանգապնակի գունային նկարագիրը, պայծառացել է, դարձել ավելի հնչեղ, երանգներով հարուստ, գունային հակադրություններով ավելի խիզախ ու համարձակ: Դրանք երկուսն էլ հեքիաթային Խնձորեսկին նվիրված գեղանկարչական գողտրիկ պոեմներ են:Ա.Նալբանդյանը նկարել է նաև նատյուրմորտներ, մասնավորապես գունագեղ ծաղիկներ.դրանք բոլորն էլ տարբեր են իրենց կատարմամբ: Նրանցից «Վարդեր» (1961թ.), «Ծաղիկներ» (1963թ.) հյութեղ են, գույնով ներդաշնակ ու գրավիչ:Նկարչուհուն հետաքրքրել է նաև կնոջ մարմնի գեղեցկության պրոբլեմը: Նա այդ ուղղությամբ կատարել է բազմաթիվ էտյուդներ և ստեղծել է, ճիշտ է թեկուզ կիսավարտ, սակայն հետաքրքիր նկարներ, ուր աշխատել է պատկերել գունային ներդաշնակ համադրություններով կնոջ մարմնի ծավալային համաչափությունները, եզրագծերի սլացիկ ու մեղմ անցումները, մարմնի գունային հմայքը տարբեր ֆոների վրա և տարբեր միջավայրերում:Համառոտ հոդվածի սահմաններում դժվար է ծավալվել ավելի, մենք փորձեցինք անել բնութագրելու համար Արփիկ Նալբանդյանի արվեստը: Նրա ստեղծագործական, հասարակական և մանկավարժական 20-ամյա գործունեությունը շատ ավելի լայն ու բազմակողմանի է, քան մենք վերլուծեցինք: Մենք կանգ առանք միայն նրա ստեղծագործությունների, այն էլ հիմնականների վրա: Ա.Նալբանդյանը Գեղարվեստի ինստիտուտի հիմնադրման օրից դասավանդում է և փորձված ու հմուտ մանկավարժներից մեկն է: Նա հասարակական ակտիվ աշխատող է: Երկու անգամ ընտրվել է Երևանի քաղաքային սովետի դեպուտատ, գեղարվեստական տարբեր հանձնաժողովների անդամ: Իր ստեղծագործություններով մասնակցել է հանրապետական և համամիութենական բազմաթիվ գեղարվեստական ցուցահանդեսների և արժանացել մամուլի ու արվեստասեր հասարակության բարձր գնահատակին:Սովետահայ կեպարվեստի զարգացմանը մատուցած ծառայությունների համար Արփիկ Նալբանդյանը կառավարության կողմից արժանացել է Հայկական ՍՍՌ վաստակավոր նկարչի բարձր կոչման:Արփիկ Նալբանդյանը լի է ստեղծագործական անսպառ եռանդով, հայրենասիրությամբ ու ժողովրդին ծառայելու անձնազոհ պատրաստականությամբ: Նա այն մտավորականներից է, որոնք իրենց համեստ, բայց ցայտուն ու հանրօգուտ ստեղծագործական աշխատանքով զարգացնում և բարձրացնում են մեր ժողովրդի կերպարվեստը: