Կուրղինյան Կ. – Զոհաբերման գեղեցկությունը – ամս., «Սովետական Հայաստան», Ե., հ.9, 1967, էջ 28

Երբ ուշադիր հետևում ենք վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործության զարգացման ընթացքին, նկատում ենք, որ ամենաակնառու գիծը որևէ լավ բան անելու, օգտակար լինելու ձգտումն է, պարուրված գորովագութ մի սիրով դեպի այն ամենը, ինչ շոշափում է նրա վրձինը: Կարճ ասած, մեր առջև կանգնում է մի կին, մի մայր, որը տարիների հետ հարստանում է ներքինով, խոհանում, իմաստնանում: Վերոհիշյալ ձգտմանն ու մայրության զգացմանն են ենթարկված բոլոր այն հանգամանքները, որոնց հանրագումարը արվեստն է: Գեղանկարչական որակն ու արտահայտչականությունը, կատարման վարպետությունն ու արտիստիզմը ստացվում են ինքնըստինքյան, որի համար նկարչուհին կարծես ոչ մի ջանք չի թափում:
Կարելի է, իհարկե, երկար խոսել այն մասին, որ նա արել է հետաքրքիր թեմատիկ կոմպոզիցիաներ, որոնցով կարևոր տեղ է գրավում սովետահայ կերպարվեստում, գունեղ ու ճոխ նատյուրմորտներ, դիմանկարներ, բնանկարներ, որ նա բազմաժանր ստեղծագործող է` տարբեր, բազմազան հետաքրքրություններով ու մտահղացումներով:
Արփենիկ Նալբանդյանի մասին գրվել է և վատ չի գրվել: Նրա ստեղծագործությունը բաժանվել է երեք շրջանի, քննարկվել են յուրաքանչյուրի առանձնահատկությունները, արժեքավորվել սովետահայ կերպարվեստին նրա բերած լուման, թեև մի քիչ ընդանուր արտահայտություններով: Այստեղ ևս կարելի է ասել, որ նրա դիմանկարները ճշմարտացի են, հոգեբանական, բնանկարները, հատկապես վերջին շրջանում արված երկու «Խնձորեսկները» և ուրիշները, թեթև են, լավատեսական ու օդեղեն, որ նկարչուհին ոչ միայն զգում ու պատկերում է զանգեզուրյան բնանկարին բնորոշն ու տիպականը, այլև արտահայտում է իրեն, իր վերաբերմունքն ու ներաշխարհը: Բայց այդ հիմնականն ու բնորոշը չէ, որով Նալբանդյանը դառնում է անհատակություն  և գրավում յուրահատուկ տեղ: Բնորոշը` կանացի էության բացահայտումն է, իր խորությամբ ու հարստությամբ, արտաքին ու ներքին բարեմասնություններով, սկզբում ավելի զուսպ ու ինքամփոփ, թաքուն հմայքներով ու քմայքներով լի, հետագայում ավելի հրայրքոտ ու հասուն հույզերով, իմաստուն խոհերով, գիտակցված հպարտությամբ ու արժանապատվությամբ, թաքնված տառապանքով և երևացող երջանկությամբ:
Թիֆլիսյան որոնումների և Գոյայի ու Վելասկեսի բարերար ազդեցությունների շրջանում, երբ նկարչուհին աշխատում է տիրապետել նյութին, գտնել իր խոհերին ու էությանը համահնչուն գույներ, գծեր ու ծավալաձևեր, մեծ ուշադրություն դարձնելով գծանկարի ամրությանն ու տոնային անցումների ճշտությանը` նրա թեման կինն է, ինքը, ինչպես տպավորիչ արտաքինով ու հուզառատ ներքինով «Ինքնանկարում», ուր գունային ժլատ միջոցներով ստեղծել է կերպարին ներդաշնակ կոլորիտ: Նույն ժամանակի «Մտորումների մեջ» նկարում ավելի ցայտուն է արտահայտված նրա նկարչական ձիրքն ու կարողությունը: Ճիշտ կառուցում, հագեցած, հաճելի գույներ` մուգ կանաչ, շագանակագույն, ոսկերանգ օխրա, կարմիր ու վարդագույն, արտահայտիչ գեղանկարչական ֆակտուրա` ձեռք բերված ուժեղ վրձնահարվածների միջոցով: Այստեղ նկարչուհին հանդես է բերում մի լիաբուռն ու մաքուր սեր, իրական, հողեղեն մի կնոջ գեղեցկության նկատմամբ: Նրա վրձինը սիրով ու չթաքցրած զարմանքով գգվում ու շոշափում է ջահել կնոջ տաք ու հոլանի մարմնաձևերը, հուզախառն շտապողականությամբ խաղում նրա հուռթի մարմինը անփութորեն պարուրող զգեստների հետ: Այս, ինչպես նաև «Լավինյան», «Կարմիր գլխարկով աղջիկը» և այլ գործերում նա ոչ միայն գտնում է իր անհատականությունն ու ձեռագիրը, այլև հաստատում ինքն իրեն:
1941 թվականին տեղափոխվելով Երևան, նկարչուհին հանդիպեց նոր` հակադիր գույների հարաբերությամբ, պլեներային նկարչության սկզբունքներով զարգացող և ազգային դպրոց դարձած Սարյանի, Կոջոյանի գեղանկարչության հետ, որի ազդեցությունն սկսեց զգացվել նրա ներկապնակի վրա: Նա այս շրջանում ստեղծեց մի շարք ուշագրավ թեմատիկ-կենցաղային պատկերներ, որոնց մեջ իշխում  է արդեն ընտանիքի ու մայրության թեման: Նալբանդյանի ստեղծագործությունը ստացավ ընդգծված ազգային նկարագիր ոչ միայն թեմատիկ առումով, այլև` ձևի, արտահայտչամիջոցների: 1948 թվականի «Փշատի ընտրումը» նկարը կառուցված է մուգ կանաչի ու վառ կարմրի հարաբերության վրա, որոնք տեղ-տեղ ընդմիջվում են սառը, թեթև երանգներով.բոլորովին բացակայում է շագանակագույնը:
Կյանքի վերջին տարիները ամենաբեղմնավորներն են Նալբանդյանի ստեղծագործության մեջ: Նա անցնում էր նոր ու բարձր մի փուլի, որտեղ ոչ միայն բարձրանում է նրա վարպետությունը, այլև ավելի խորն ու խոհուն են զգացումները:
Նկարչուհին անմիջական ընկալումների գեղարվեստական վերարտադրությունից, ինչպիսին է «Հետաքրքրասերներ» նկարը, անցնում է նրանց առավել տևական ու քննախույզ մոտեցմամբ արտահատյելուն: Այս շրջանում Նալբանդյանը հայ կերպարվեստում քչերից մեկն է, ………………………………………. Կիսատ է

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *