Մենք հիանում ենք կտավով, թեկուզ և նրա վրա պատկերված լինի միայն մի ծաղիկ, բայց լավ պատկերված: Առաջին հայացքից թվում է, թե գեղեցիկ նկար ստեղծելու համար բավական է միայն բնական ձիրքը: Բայց, կասկածից դուրս է, որ բնական տվյալների, մասնագիտական ու այլ հարուստ գիտելիքների հետ, լավ գործի ստեղծման համար նկարիչը ներդնում է հսկայական աշխատանք, որը երբեմն դառնում է իսկական սխրանք:
Այդ բոլորի մասին մի անգամ ևս ակամայից հիշեցի` դիտելով հանրապետության վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունների հետմահու ցուցահանդեսը, որը վերջերս կազմակերպվել էր Երևանում և այժմ գործում է Էջմիածնում:
Նկարչի տան մեծ սրահը լեփ-լեցուն էր կտավներով: Բայց դրանք նկարչուհու ստեղծածի մեկ երրորդն էին միայն: Եթե հաշբի առնենք, որ կարճ տևեց նրա կյանքը, դժվար չէ պատկերացնել, թե որքա՜ն բեղմնավոր էր նրա վրձինը:
Արփենիկը Թբիլիսիի գեղարվեստների ակադեմիայի ամենաշնորհալի ուսանողուհիներից մեկն էր` օժտված գեղագիտական արտակարգ ընդունակություններով:
Ինչքա՜ն մեծ կամք ու տոկունություն պետք է ունենար մի կին, որպեսզի ոչ միայն դառնար ստեղծագործող-նկարիչ, այլև ամբողջ կյանքի ընթացքում պահպաներ այդ կոչումը: Ստեղծագործությունը հրամայաբար պահանջում է մարդուց կյանքը նվիրել այդ գործին: Բայց չէ՞ որ դրան զուգընթաց նա եղել է և՛ կին, և՛ մայր երկու որդիների, չէ՞ որ 1945 թվականից մինչև կյանքի վերջին օրերը, որպես դոցենտ, դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, բազմիցս ընտրվել Երևանի քաղսովետի դեպուտատ, ակտիվորեն մասնակցել նկարիչների միության ամենօրյա կազմակերպական ու ստեղծագործական կյանքին, և նկարե՜լ է, նկարել դիմանկարներ, բնապատկերներ, նատյուրմորտներ, ճանապարհորդել հայրենի երկրում, հանդիպել, շփվել բազմաթիվ մարդկանց հետ:
Որքա՜ն կենսասիրություն կար նրա հոգում: Դա իր արտահայտությունն է գտել նրա կտավներում: Պատահական չէ, որ մարդն է եղել նրա գլխավոր թեման` ստեղծագործական առաջին քայլերից մինչև մահ.աշխատավոր, ստեղծագործող, բարի, հոգատար, փաղաքշող, երբ սիրում ու սիրվում է, անհաշտ ու ատող, երբ հանդիպում է չարին: Ահա ինչու այնքան առինքնող են նկարչուհու գործերը: Դրանք ոչ միայն ըստ ժանրի, այլև էությամբ դիմանկարներ են` իրենց սուր նմանողությամբ, բնավորության բացահայտումով:
Արփենիկն ուներ դիմանկարչի բնական ու ժառանգական ձիրք (նրա ավագ եղբայրը` անվանի նկարիչ Դմիտրի Նալբանդյանն էլ մեծ հակում ունի դիմանկարի ժանրի հանդեպ): Սովորաբար, նկարվող մարդիկ ցանկանում են գեղեցկանալ արտաքնապես ու ներքնապես, ավելի լավ երևալ, ամեն կերպ դուր գալ նկարչին` սքողելով իրենց ֆիզիկական ու հոգեկան արատները: Բայց եթե դիմանկարիչն ունի սուր աչք, նա արտաքին փայլի տակ անպայման կզգա մարդու իսկական էությունը: Պատահական չէ, որ դիմանկարչի առավել շոշափելի հատկությունները բացահայտվում են, երբ նա ինքն իրեն է պատկերում.չէ՞ որ այդ դեպքում լիակատարությամբ է երևան գալիս ստեղծագործողի օբյեկտիվության աստիճանը, թեև դժվար է ինքն իր համար լինել անողոք դատավոր: Զուր չէ հինավուրց առասպելն ասում. «Ճանաչի՛ր ինքդ քեզ ու կճանաչես ամբողջ աշխարհը»:
Երբ արվեստագետն ինքն իրեն է նկարում, հաճախ, կամա թե ակամա, իդեալականացնում է իրեն, և դա հասկանալի է.չէ՞ որ, ինչպես ասում են «Իր ձեռքը տիրակալ է»: Դրա համար էլ ցանկանում եմ, առաջին հերթին, այդ տեսակետից անդրադառնալ Ա.Նալբանդյանի ինքնանկարներին:
Արփենիկը, անշուշտ, ինչպես և յուրաքանչյուր կին, ըստ երևույթին, քիչ չի նայել հայելուն և, հավանաբար, նրա համար գաղտնիք չէր, որ բնությունը շռայլորեն էր տվել իրեն և՛ գեղեցկություն, և՛ կանացիություն, և՛ հմայք… Այնուամենայնիվ, երբ նա ձեռքն է վերցրել վրձինը, որպեսզի այդ բոլորը հանձնի կտավին, այսպես ասած` «հրատարակի իրեն», հատուկ ձևով արտահայտվել է նրա զարմանալի մարդկային համեստությունը: Իր ինքնանկարներում Արփենիկը չի շեշտադրել արտաքին գեղեցկությունն ու փայլը, չի ընտրել տպավորիչ կեցվածք: Նա կարողացել է զսպել իրեն հրապուրանքից, սեփական կերպարը ռոմանտիզմի արտաքին գծերով անցկացնելուց: Եվ զարմանալի է, որ անգամ կանացի հաճելի ինքնագոհությունը նրա մոտ սանձվել է, և նկարները զերծ են ամեն տեսակի սեթևեթանքից: Միայն բնավորության «սովորական» գծերն են աչքերում, ամենօրյա հոգսերը, կյանքի ուրախությունն ու տագնապը, որոնք յուարահատուկ են ամենմի մարդու, կնոջ, մոր, քաղաքացու:
Նալբանդյանի վերջին «Ինքնանկարը» շատ ռեալիստական է: Նրանում զարմանալին այն է, որ թեև նկարչուհին կանխագուշակել է անողոք ճակատագրի մոտալուտ լինելը, բայց չի արտահայտել լալկանության ու պեսիմիզմի ամենաթույլ նշույլ անգամ: Լուսափայլ կենսասիրությամբ են համակված նաև ուրիշ գծեր, մասնավորապես վերջին շրջանի շատ աշխատանքներ, որոնք վկայում են, որ նկարչուհին դեռ կարող էր շատ հետաքրքիր գործեր ստեղծել, կատարելագործել իր վարպետությունը: Իհարկե, եթե Արփենիկն այսօր մեզ հետ լիներ, հնարավոր է, որ ես նրան մի քանի մասնագիտական ցանկություններ և անգամ քննադատական դիտողություններ անեի: Բայց… ճակատագիրը կանգնեցրեց այդ բազմաբեղուն վրձինը, և այժմ ժամանակի գործն է` որոշելու նրա ստեղծագործության իսկական տեղը մեր արվեստի պատմության մեջ: Այսօր մենք լավագույն դեպքում կարող ենք տալ այս կամ այն նկարչի արժանիքների հարաբերական գնահատականը, հաշվի առնելով և այն, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր սուբյեկտիվ հայացքները, ճաշակը, հակումները: Բայց և այնպես, երբ խոսքը վերաբերում է Ա.Նալբանդյանի ստեղծագործական ժառանգությանը, ցանկանում եմ առաջին հերթին ընդգծել նրա արժանիքներն ու լավագույն հատկությունները և, դրանց հետ, Արփենիկի ձիրքի կոլորիտային յուրահատկությունը, որը տակավին նկատելի էր ուսանողական աշխատանքներից: Ճիշտ է, դրանցում դեռևս զգացվում էր Բաժբեուկ-Մելիքյանի ազդեցությունը, իհարկե, դրական, բայց և այնպես, այն ժամանակ էլ նա նկարել է լավագույն շատ կտավներ, որոնցից հիշատակության արժանի են այնպիսի մարգարտյա գործեր, ինչպիսիք են «Մտորման պահին», «Սվետլանա», «Նեգրուհի», «Լավինյա»… Հետագայում Նալբանդյանը հեռացավ բաժբեուկյան տենդենցներից` ազատագրվելով վերջինիս հատուկ գունային նորմատիվությունից:
Երևան գալուց հետո, 1942 թվականին, նոր միջավայրն ու շրջապատը, ուր իշխում էր սարյանական ոգին, կյանքի են կոչում նկարչուհու աշխարհզգացողության նոր, հետաքրքիր, նախկինում նիրհող կողմեր: Նրա ներկապնակը լուսավորվում է, մոտիվները բազմազան են դառնում, ընդլայնվում է տեխնիկական ձևերի դիապազոնը, նկարելու եղանակը դառնում է ավելի ճկուն, ձևավորվելով ժանրին, թեմային ու սյուժեին համապատասխան: Պետք է արժանին մատուցել, որ նկարչուհին ոչ թե սոսկ ընդօրինակեց Սարյանին, այլ կրեց նրա բարերար ազդեցությունը, որը և առաջին հերթին զգացվեց նրա կոմպոզիցիոն, սուր-հոգեբանական դիմանկարներում` կապված կենսական ու գեղանկարչական միջավայրի հետ:
Ա.Նալբանդյանի ավելի ուշ շրջանի աշխատանքներում կարելի է նկատել, որ նրա էպիկական կոնցեպցիան վերաճում է այն ուղղությամբ, որը հատուկ է նրա կոլեգա, միաժամանակ և ամուսին, ժողովրդական նկարիչ Էդ.Իսաբեկյանի գեղարվեստական մտածողությանը:
Չնայած այդ, ես կասեի, արվեստի սուր կոնտինենտալ գեղարվեստական «կլիմային», որում ապրել և ստեղծագործել է նկարչուհին, նա կարողացել է պահպանել իր ստեղծագործության յուրահատկությունը: Դա օգնել է նրան ստեղծելու այնպիսի գործեր, որոնք օժտված են ներքին ջերմությամբ: Այդ շարքից առաջին հերթին ցանկանում եմ նշել «Վարդան Աճեմյան», «Աղջիկը պարտեզում», «Ուսանողուհին», «Պատանիները», «Բջնին», «Նատյուրմորտ», «Պառավը Ոսկեվազից», «Երկվորյակները» գործերը և մի շարք ժանրային նկարներ, ինչպես, օրինակ, «Երեխաները Խնձորեսկից», «Հետաքրքրասերները» և այլն:
Ի միջի այլոց, Ա.Նալբանդյանի մոտ դիմանկարչի հակումն արտահայտվում է նաև սյուժետա-կոմպոզիցիոն կտավներ ստեղծելու ժամանակ: Այդպիսի օրինակ կարող են ծառայել «Տատիկի հեքիաթը», «Հետաքրքիր գիրք» և այլ նկարներ:
Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունները պետք է պահպանել ու հասցնել սերունդներին: Կասկածից դուրս է, որ նրանք իրենց երախտագիտությունը կհայտնեն նկարչուհուն ու արվեստաբաններին, որոնք այնքա՜ն խնամքով պահպանել են նրա ինքնատիպ, տաղանդավոր ստեղծագործությունները: