Արփենիկ Նալբանդյանը Հայաստանի Սովետական Կերպարվեստագետների Միության երիտասարդ, շնորհալի նկարչուհիներից մեկն է: Նա սովորել է Թբիլիսիի Գեղարվեստի Ակադեմիայում: Ավարտել է 1941 թվին և անմիջապես տեղափոխվել Հայաստան, որտեղ ապրում ու տեղծագործում է մինչև օրս:
Ներկա հաշվետու ցուցահանդեսը ընդգրկում է նկարչուհու վերջին 4 տարիների` 1944-1948թթ. ստեղծագործությունները: Նախորդ երեք տարիների գործերը նկարչուհին գերադասել է չցուցադրել, նկատի ունենալով, որ դրանք արդեն ծանոթ են հասարակությանը: Ասենք` դրանք ցուցահանդեսի որակի վրա նոր բան չէին էլ ավելացնի, քանի որ այդ գործերը նրա ստեղծագործության անցած էտապն են հանդիսանում, որոնց նկատմամբ ներկա ցուցահանդեսում ներկայացրածները նոր նվաճումներ են:
Ստեղծագործական ասպարեզ եկող ամեն մի երիտասարդ նկարչի համար առաջին քայլերը լինում են համեմատաբար դժվարին: Այդպիսի դեպքում պահանջվում է ստեղծագործական տևական փորձ, պրոֆեսիոնալ տեսակետից ձևավորելու համար: Ստեղծագործական փորձի անհրաժեշտությունը առավել ևս կենսական է, եթե երիտասարդ արվեստագետն ընկնում է իրեն համար նոր միջավայրում: Արփենիկ Նալբանդյանը անցյալում ունեցել է գունանկարի կանխամտածված մութ կոլորիտ, որը ադեկվատ չէր իրականությանը: Դա պլեների պայմաններում գոյացող գունային փոխազդեցությունների կենդանի կապի, արտացոլումների բազմաթիվ թրթռումների անտեսումն էր, առանց որոնց նրա գունանկարը դառնում էր պայմանական, ռեալ իրականությանը ոչ հարազատ: Անհրաժեշտ եղավ համառ աշխատանք ազատվելու դրանցից, ըմբռնելու համար Հայաստանի բնության կոլորիտի յուրահատկությունը, տեսնելու և վերարտադրելու նոր միջավայրը: Եվ նա իրոք կարողացավ վերակառուցվել չորս տարվա ընթացքում, որի արդյունքն է ներկա ցուցահանդեսը:
Ա.Նալբանդյանի ձեռք բերած նվաճումները կարելի է դիտել երկու տարբեր տեսանկյունով` իդեալական բովանդակության ընդգրկումով և ձևին վերաբերող մի շարք հատկությունների վերափոխումով: Դրա հետևանքը այն եղավ, որ նրա թեմատիկայում առատորեն տեղ գտավ սովետական ժամանակակից կյանքը, մյուս կողմից էլ նրա գործերի կոլորիտը դարձավ լուսավոր, օդառատ, երանգներով հարուստ:
ՀամԿ(բ)Պ Կենտկոմի իդեոլոգիական հարցերի մասին ունեցած որոշումները և Հայաստանի Կ(բ)Պ Կենտկոմի 1948թ.մայիսի 25-ի որոշումը «Կերպարվեստը բարելավելու միջոցառումների մասին» զգալի չափով սթափեցրին մեր արվեստագետներին իրենց ստեղծագործությունները նպատակասլաց դարձնելու, իրենց արվեստը հագեցնելու բարձր իդեականությամբ: Այդ որոշումների բարերար ազդեցությունը այսօր նկատելի է շատ արվեստագետների ստեղծագործության վրա: Նշված որոշումները դարձան ծրագիր ուղեցույց, կերպարվեստագետների ստեղծագործության հետագա աշխատանքների համար:
Ա.Նալբանդյանը իր ստեղծագործության մեջ զգալի չափով տեղ հատկացրել է սովետական թեմատիկային և սովետական մարդուն: Նա պատկերել է Հայրենական պատերազմի հետ կապված առանձին դրվագներ, կոլխոզային աշխատանքի մոմենտներ, նկարել է արտադրության, գյուղատնտեսության ու կուլտուրայի ասպարեզում աշխատող մարդկանց դիմանկարները: Նրա ցուցադրած կոմպոզիցիոն աշխատանքն է` «Փշատի հավաքում», «Խաղողի բերքի հավաքում», «Բամբակահավաք» և այլն: Այդ գործերը համարյա թե բաժին են ընկնում 1947-48 թվականներին և մեծ մասամբ դեռևս էտյուդային կամ էսկիզային վիճակումն են: Դրանք ավելի շուտ նախնական մտահղացումներ են և կարող են ծառայել որպես պատրաստի նյութ հետագայում նույն թեմայով պատկերներ ստեղծելու համար:
Հիշյալ թեմայով կատարված առանձին կոմպոզիցիոն էտյուդների մեջ նկարչուհին ցուցաբերել է սյուժետի ճիշտ ըմբռնում և գեղանկարչի լավ ճաշակ: Դրանցից նշելու արժանի են` «Արտաշատի գյուղական բակը», «Ընկույզ են մաքրում», «Գյուղական բակը» և այլն, որոնք կատարված են անկեղծ զգացմունքով, ջերմությամբ, անմիջական տպավորությամբ:
Ա.Նալբանդյանին հետաքրքրում է նաև առանձին կոլխոզնիկների աշխատանքը, որոնց նա սիրում է պատկերել առաջին պլանի վրա, այսպիսով հնարավորություն ունենալով կոլեկտիվ աշխատանքի ֆոնի վրա ցույց տալ կոլեկտիվի առանձին անդամներին իրենց անհատական, տիպական բնութագրումով: Դրանցից են «Փշատ ջոկողը», «Հանգստացող կոլխոզնիկուհին», որը ի դեպ նկարչուհու ավարտված, ամենալավ գործերից մեկն է:
Արփենիկ Նալբանդյանի ցուցադրած գործերում լայն տեղ է գտել պորտրետը: Պորտրետը նա ձգտում է հասցնել անհատի ճշգրիտ նմանությանը և խարակտերների արտահայտչականությանը, թեպետ ոչ բոլոր դեպքերում աշխատում է հարկ եղած չափով ավարտել: Իր որոշ թերություններով հանդերձ արտահայտիչ է «Ֆիզկուլտուրնիկը». գունային ընդհանրացումներով զուսպ է և դիմագծերի արտահայտությամբ կենդանի «Կանացի պորտրետը»` կատարված էլեկտրական լույսի տակ նմանողությամբ և ավարտվածության տեսակետից հաջող է Խ.Եսայանի պորտրետը:
Ամենից հաջողված պորտրետը պիտի համարել «Աղջկա պորտրեն», որի դիմագծերը խոսուն են, արտահայտիչ: Նկարչուհին այս դեպքում աշխատել է զգացմունքով, պահպանելով մոդելից ստացած նախնական տպավորության թարմությունը:
Ա.Նալբանդյանի պալիտրայի փոփոխությունը ամենից ավելի նկատելի է պեյզաժում: Դրան մեծ չափով նպաստել է նրա շփումը Հայաստանի բնության հետ, շրջիկ արվեստանոցում աշխատած միջոցում: Նրա վերջին տարվա պեյզաժները լիովին մաքրված են անցյալում տեղ գտած պայմանական կոլորիտից, լուսառատ են, արտացոլումներով բազմազան, կոլորիտով մոտենում են արծաթամոխրավունին, դիտված են պարզությամբ և որոշ դեպքում զարթեցնում են տրամադրություն:
Առավել հաջողված են` «Ոսկեվազը», «Ծովափը Սոչիում», «Փշատի ծառերը»:
Ինչպես վերևում ասացինք, Արփենիկ Նալբանդյանի ներկա ցուցահանդեսի էքսպոնատները արդյունք են 1944-1948 թվականների միջոցում ձեռք բերած նրա ստեղծագործական նվաճումների, որի ընթացքում նա ձգտել է ընդհուպ մոտենալ իրական աշխարհին ռեալիստի հայեցողությամբ, ձգտել է վերարտադրել սոցիալիստական աշխատանքի տարբեր բնագավառները, սոցիալիզմը կառուցող մարդուն և հայրենի բնությունը: Նվաճում է նաև ձևի ճշմարտության հասնելը, գունային նախկին կոլորիտից ազատվելը: Սակայն այս բոլորով մեկտեղ Ա.Նալբանդյանը ունի հաղթահարելու լուրջ դժվարություններ, հասնելու համար բովանդակության ու ձևի կատարյալ միասնությանը:
Մնում է հուսալ, որ Արփենիկ Նալբանդյանը յուր անհատական հաշվետու հաջորդ ցուցահանդեսով գա հիշյալ թերությունները հաղթահարած: