Այվազյան Մ. – Խորհող ու երազող նկարչուհին – թերթ, «Գրական թերթ», Ե., 05.07.1974

Նա հիմա 57 տարեկան պետք է լիներ, ստեղծեր նոր, հետաքրքիր կտավներ և դաստիարակեր երիտասարդ նկարիչների նոր սերունդներ, եթե տասը տարի առաջ վրա չհասներ մահը:
Ժամանակի հեռավորությունից դիտելով Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունները, ավելի որոշակի են երևում նկարչուհու ողջ հմայքը, նրա տաղանդի բնորոշ կողմերը և այն արժեքավորը, որ նա բերել է ազգային կերպարվեստի մեջ:
Արփենիկ Նալբանդյանի ինքնուրույն ստեղծագործական կյանքը սկսվեց Հայրենական մեծ պատերազմի դաժան տարիներին, երբ ասպարեզ ելավ սովետահայ նկարիչների երկրորդ սերունդը` Մհեր Աբեղյանը, Մարիամ և Երանուհի Ասլամազյանները, Էդուարդ Իսաբեկյանը, Հովհաննես Զարդարյանը և շատ ուրիշներ:
Նրա ստեղծագործության վաղ շրջանը կարելի է հստակ պատկերացնել լավագույն աշխատանքների այն շարքով, որ ստեղծվել է միչև 1946 թվականը: Այդ գործերից են «Փոքրիկ Սվետլանան» (1939թ.), «Մտորումների մեջ» (1939թ.), «Զամբյուղով աղջիկը» (1942թ.), «Կարմիր գլխարկով աղջիկը» (1942թ.) և, վերջապես, «Ինքնանկարը» (1946): Այս բոլոր կտավները պատկանում են դիմանկարի ժանրին և վկայում են երիտասարդ նկարչուհու դեպի մարդը ունեցած համակրանքի, կերպարները յուրահատուկ ռոմանտիկայով կերտելու, նրանց զգացմունքային հնչեղություն տալու և հագեցած գույնեով պատկերելու ձգտման մասին: Նկարչուհու վաղ շրջանի գեղանկարչության մեջ նկատելի են ոչ միայն ակադեմիական կայուն գիտելիքներ, այլև որոշակի հակում իտալական վերածննդի նկարիչների և ֆրանսիական ռոմանտիկների նկատմամբ: Բացի այդ, Ա.Նալբանդյանի ստեղծագործական անհատականության ձևավորման վրա (ինչպես նաև Է.Իսաբեկյանի, Մ.Քամալյանի և հայ ու վրացի ուրիշ նկարիչների) ազդել է գեղանկարչության հիանալի վարպետ Ա.Բաժբեուկ-Մելիքյանը: Ստեղծագործական վերը նշված խմորումները լավ են երևում նկարչուհու մի ոչ մեծ կտավում, որ կոչվում է «Մտորումների մեջ»: Երիտասարդ կիսամերկ աղջկա կերպարում Ա.Նալբանդյանը հասել է խոհուն տրամադրության, գեղեցկության և երիտասարդության հմայքի տպավորիչ պատկերման: Իր խնդրի հաջող լուծմանը նպաստել է այն, որ այդ շրջանում արդեն նկարչուհին տիրապետել է կտավի կոմպոզիցիոն կառուցվածքին, մարդկային մարմնի պատկերման պլաստիկ ձևերին, թանձրաներկ գեղանկարչության արտահայտչականությանը: Կոմպոզիցիոն, գունային այլ սկզբունքով է լուծել նկարչուհին իր այդ շրջանի մյուս դիմանկարային աշխատանքները: Բայց այդ կտավները ինչ-որ տեղ ընդհանուր շատ բան ունեն: Նախ` բոլոր դիմանկարները կամերային են, բացահայտում են մարդկային բնավորության ինտիմ կողմերը և ունեն որոշակի տրամադրություն:
Նալբանդյանի ստեղծագործության հաջորդ փուլը կազմում է մի ամբողջ տասնամյակ: Այն բնորոշ է նկարչուհու ընդգրկած իրականության սահմանների ընդարձակումով, թեմատիկ և դիմանկարային նոր աշխատանքների ստեղծումով, ինչպես նաև բնանկարներով ու նատյուրմորտներով: Կյանքի հետ սերտ կապը ավելի է կենտրոնացնում նկարչուհու ուշադրությունը իր ժամանակակցի վրա: Նա ձգտում է ավելի ծավալուն պատմողականության: Նկարչուհին ստեղծում է «Կոլտնտեսուհին հանգստի ժամին» (1947թ.), «Փշատի ընտրում» (1948թ.) և այլ կտավներ, որոնք դիմանկարային կոմպոզիցիաներ են: Երիտասարդ կոլտնտեսուհիների կերպարները ունեն կոնկրետ և խիստ բնորոշ գծեր: Նրանք պատկերված են արևի պայծառ լույսով ողողված այգիների հարազատ միջավայրում:
1950-ական թվականներին Ա.Նալբանդյանը ստեղծում է թեմատիկ կտավներ, որոնց մեծ մասը նվիրված է երեխաների կյանքին` «Հետաքրքիր գիրք» (1952), «Տատիկի հեքիաթը» (1953), «Հետաքրքրասերները» (1955) և այլն: Այդ կոմպոզիցիաներին նկարչուհին մոտեցել է դիմանկարչի տեսանկյունից: Նրա հերոսները կոնկրետ, կյանքից առնված կերպարներ են, որոնք միմյանց առնչվում են որոշակի սյուժեով կամ իրավիճակով: Հիշենք «Հետաքրքրասերները» կտավը, որտեղ գյուղացի տղայի և աղջկա կերպարում կարելի է գտնել նրանց բնավորության բնորոշ գծերը: Նալբանդյանը իր էությամբ դիմանկարիչ է և նոր, չկրկնված գծեր է որոնել իր ժամանակակիցների կերպարները ստեղծելիս:
Այդ տարիներին նկարչուհին շատ բնանկար է ստեղծել և հաճախ աշխատել է բացօթյա: Նրան շատ է հրապուրել Բջնիի, Ջրառատի (Ռնդամալի), Աշտարակի, իսկ ավելի ուշ` Գորիսի լեռնային բնությունը: Բնանկարային կտավներում նա ձգտում է դիտողին հաղորդել տվյալ վայրի կոլորիտի յուրահատկությունը, լեռների ուրվագծերի անհանգիստ պլաստիկան: Բայց որտեղ էլ որ լինի Ա.Նալբանդյանը, ինչ էլ նկարի, որոնում է իր ժամանակակիցների հետաքրքիր կերպարներ, որոնց միջոցով արտահայտում է իր սերը մարդու նկատմամբ, հիացմունքը` երիտասարդության գեղեցկության, ինչպես նաև կերպարների ազգային յուրահատկության, արտաքինի նկատմամբ, որ գալիս է դարերի խորքից:
Նկարչուհու ստեղծագործական նոր փուլը սկսվում է 1957 թվականից: Կուտակած ստեղծագործական փորձը, անսպառ եռանդը նրան մղում են ստեղծելու նոր կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնանկարներ ու նատյուրմորտներ և լուծել ավելի բարդ գեղարվեստական խնդիրներ: Նկարչուհին շարունակում է ստեղծել այնպիսի կամերային դիմանկարներ, ինչպիսիք են իր ժամանակակիցներ Հ.Հովհաննիսյանի, Վ.Աճեմյանի և ուրիշների դիմանկարները: Միաժամանակ նա նկարում է «Աղջիկը պարտեզում» («Գարուն»), «Պատանիներ», «Ուսանողուհին» և նույն բնույթի այլ կտավներ: Այդ աշխատանքներում պարզ երևում են նկարչուհու կերպարները ընդհանրացնելու, իր ժամանակակիցների, կյանքի, մեր ժամանակի մասին ավելի ամբողջական մտքեր արտահայտելու ձգտումը: Այդ առումով առանձնապես հետաքրքիր են «Ոսկեվազցի պառավը» (1958) և «Գորիսեցի Օվսաննա մայրիկը» (1962) կտավները: Ծեր կանայք պատկերված են իրենց բնորոշ միջավայրում: Նրանք առանձնանում են տարբեր բնավորություններով, տրամադրություններով, արտաքին տեսքով: Մեկը հիշողությունների մեջ սուզված, աշխատասեր, եռանդով լի, գիրուկ ու մեղմ գծերով Արարատյան դաշտի բնակչուհի է: Մյուսը` զանգեզուրցին, չնայած առաջացած տարիքին, սլացիկ է, բարձրահասակ, շարժուն, հպարտ նստած: Այս կերպարներում արտահայտված են տարբեր մարդկային ճակատագրեր, տարբեր բնավորություններ:
Ա.Նալբանդյանը շարունակում է եռանդով աշխատել, չնայած վրա հասած ծանր հիվանդությանը: Նա ձգտում է իրագործել իր առջև դրած ծրագրերն ու գեղարվեստական խնդիրները: Նրա գեղանկարչությունը այդ շրջանում ավելի է պայծառանում, առանց կորցնելու իր նյութական ամրությունը: Նկարչուհու ստեղծագործությանը հարազատ են մնում ամուր գծանկարն ու սերը արտահայտիչ, հստակ պլաստիկայի և բնական ձևերի նկատմամբ:
Իր լավագույն կտավներով ու մանավանդ դիմանկարներով, Նալբանդյանը զգալի ավանդ ներմուծեց սովետահայ կերպարվեստի մեջ: Նա մեզնից հեռացավ իր ուժերի ծաղկման շրջանում: Նրա գեղանկարչության նոր և ավելի բարձր մակարդակը առանձնապես զգացվում է 1957 թվականին ստեղծած «Ինքնանկարում»: Գույներով հագեցած դիմանկարի գեղանկարչությունը, դիմագծերի ամուր ձուլվածքը, համարձակ վրձնախազերը բացահայտում են նկարչուհու ստեղծագործական եռանդը, սուր, որոնող հայացքն ու ինքնամփոփ բարյացկամությունը: Այդպիսին է Արփենիկ Նալբանդյանը իր վերջին «Ինքնանկարում» և նրանց հիշողության մեջ, ովքեր ճանաչել են նրան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *