Հայ կերպարվեստի տարեգրության մեջ շատ են այն անունները, որոնք իրավամբ կազմել են նրա ոսկե էջերը, որպեսզի հիացնեն ու շարունակեն հիացնել սերունդներին: Այդ համաստեղության մեջ հայ կերպարվեստի ավագանին մի առանձնահատուկ քնքշությամբ ու գուրգուրանքով է տալիս Արփենիկ Նալբանդյանի անունը, որի հաստատակուռ գեղանկարչությունը վաղուց է դարձել պատկերասրահների սեփականությունը, վաղուց է դարձել ազգային նկարչության զարդը:
Վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունները ապացույց են այն ճշմարտության, որ գեղանկարչական այդ հրաշագեղ աշխարհը, իր հուզառատությամբ հարազատ է մեր ժողովրդին, լիցք է տալիս մարդու հոգուն ու մտքին: Այդ արվեստի հմայքը, գեղանկարչական ինքնատիպ ոճը բացահայտում են հեղինակի լուսե աշխարհը, կյանքի երևույթները յուրովի ընկալելու ակնհայտ տաղանդն ու վարպետությունը: Իր ցանկացած կտավի մեջ նա կարծես պահել է կանացի հույզերի խորունկ մի մասնիկ, մի պատառիկ` երբեմն ընդվզող, երբեմն մեղմ ու քնարական:
Արփենիկ Նալբանդյանը անսահման սիրով էր սիրում կյանքն` իր բազմազանությամբ, զգացմունքներով ու երազանքներով կապված էր մարդկանց ու բնության հետ: Նրա փնտրածն ու գտածը վեհն էր, իմաստալին, լավն ու գեղեցիկը: Նրա կտավները յուրահատուկ քնարական շնչով են շղարշված, դիտողը կարծես նրանց մեջ ինքն իրեն է տեսնում, իրեն շրջապատող ռեալ իրականությունը: Վկայություն` աշխատանքային մոտիվներով ստեղծված կտավները, որոնցում արարելու պոեզիան է, հողի բարիքներից մարդու ստացած հոգեկան բերկրանքը, ստեղծագործ աշխատանքի երգը:Վերջերս Մոսկվայում վախճանված անվանի հայ նկարիչ Դմիտրի Նալբանդյանի քույրը` Արփենիկ Նալբանդյանը, ծնվել է 1918 թվականին, Թիֆլիսում: 1941 թվականին ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչական բաժինը: Ինքը, իր ընկեր-նկարիչներ Մկրտիչ Քամալյանը և Էդվարդ Իսաբեկյանը այդ տարիներին հաճախակի էին այցելում վրձնի մեծ վարպետ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի արվեստանոցը, որից սովորում էին, որի զուլալ գույների աղբյուրից խմում ու խմում էին ու չէին կշտանում: Այդ այցելությունների մասին է այժմ վերհիշում Էդվարդ Իսաբեկյանը.-Ժխոր չէր սիրում Բաժբեուկը, շատ մարդկանց էլ չէր թողնում իր արվեստանոց: Բայց Արփենիկի, Մուկուչի և ինձ համար նրա դռները միշտ բաց էին:
Նույն թվականին էլ Արփենիկ Նալբանդյանը տեղափոխվում է Երևան, ապա ամուսնանում Էդվարդ Իսաբեկյանի հետ` նրան ու աշխարհին պարգևելով երկու տղա զավակների, որոնք հետագայում նույնպես պիտի շարունակեին իրենց ծնողների դժվար մասնագիտությունը` գեղանկարիչներ Մհեր և Արամ Իսաբեկյաններ:
-Նկարչության մասին եք խոսում,- այս տարվա դաժան ձմեռն անցկացնելուց հետո մի անգամ ասաց Իսաբեկյանը:
-Պատերազմի ժամանակ էնպիսի՜ օրեր ենք քաշել: Կտավներն ենք վառել ես ու Արփենիկը, նկարած էտյուդները: Ճրթճրթալով վառվում, տաքացնում էին:
Երևանում Արփենիկ Նալբանդյանը իր ուժերի ներածին չափ նվիրվեց հարազատ ժողովրդի մշակութային վերելքին: Նկարիչը միշտ տարբեր շրջաններ է ունենում, մինչև գտնում է իրեն: Արփենիկ Նալբանդյանի առաջին շրջանի ստեղծագործությանը բնորոշ հատկանիշը շագանակագույն կոլորիտն է, որը գերիշխող է դառնում կտավների մեծ մասում: Չնայած այս պայմանականությանը, որը գալիս էր դեռևս ուսումնառության շրջանից, դրանք իրենց ամուր խառնվածքով, գծանկարի խստությամբ, զուսպ կոլորիտով հմայիչ են ու ներգործուն: Դրանցից է «Ինքնանկարը», որը հեղինակի լավագույն, ընտիր գործերից է: Այս ստեղծագործության մեջ նկարչուհին հեռու է մնացել գունային կեղծ պայմանականությունից, խուսափել է իր կերպարի նկարագիրը լուծել անավյուն ու միապաղաղ երանգապնակի մի քանի սերտած գույներով, ամեն դեպքում եղել է իր ներքին և արտաքին հատկանիշներից, կտավում ներկայացրել խոհերով, երազներով ու երազանքներով ապրող կնոջ անհանգիստ կերպարը: «Ինքնանկարը» նրա դիմանկարային շարքի թագակիրն է, որտեղ հերոսուհուն ներկայացվում է իր ողջ էությամբ` հայացքի սևեռուն խորաթափանցությամբ, խիզախելու վճռականությամբ ու սկզբունքին հավատարիմ լինելու կատարելիությամբ: Գեղանկարչական բարձր արժանիքների ակնհայտությամբ ոգեկոչված այս կտավը «հյուսվել» է գույնի խոր զգացողությամբ, վրձնահարվածների համարձակ ծեփվածքով, կոլորիտի նրբագեղությամբ: Այն նյութեղեն է, համոզիչ ու ճշմարտացի:
80-ականի կեսերին, երբ նշվեց Իսաբեկյանի ծննդյան 70-ամյակը, Աշտարակի զով անկյուններից մեկում մի հավաք տեղի ունեցավ: Ու զրույցի ընթացքում հանկարծ խոսակցություն բացվեց այդ կտավի մասին: Բոլորը` սկսած Իսաբեկյանից, այդ կտավի մասին էին խոսում: Դա ի՞նչ էր, եթե ոչ արվեստի ուժի գնահատանք: Որովհետև Նալբանդյան արվեստագետը ճշմարիտ անմիջականությամբ է կերպավորել իր անհատականությունը: Ուրիշ ոչ ոք, քան ինքը` հեղինակը, չէր կարող այդքան ճշմարտացի, տաղանդի այդպիսի փայլով պատկերել իր ներքնաշխարհը: «Ինքնանկարը» իր որակի կատարելությամբ այնպիսի բարձունքի է հասել, որ այն առանց վարանելու կարելի է հեղինակի գլուխգործոցը համարել:
Գունային ներդաշնակությամբ, հյութեղությամբ, գեղանկարչական տակտով ու ճաշակով առանձնանում է նկարչուհու «Մտորումների մեջ» կտավը: Այստեղ ամեն ինչ խոսուն է և գեղանկարչորեն արտահայտիչ: Նալբանդյանը կտավում աղջկա դեմքը պատկերել է թեքված դիրքով, կրճատումով, նրա հոգեբանական արտահայտությունն ավելի շեշտելու նկատառումով: Բացի ակադեմիական խնդիրների կատարումից, որը, ի դեպ, գերազանց է լուծված, նկարչուհին լիակատար է դրսևորել նաև բնորդի հոգեկան ապրումները: Դեմքը տեխնիկապես կատարյալ է նկարված, և նրա լուսավորվածությունը առաջացրել է լույսիև ստվերի որոշակի հակադրումներ: Աղջկա նուրբ դիմագծերը, կրծքի ու թևերի կաթնագույնը, զգեստի բաց վարդագույնի մեջ ամփոփված սպիտակությունը, անփույթ վրձնահարված ֆոնը, գլխի և կրծքի գողտրիկ ձևերը գունային ընդհանուր հաճելի տրամադրություն են ստեղծում: Մայրության երազներով տարված աղջկա խոհերը կարծես ընդվզում են հուշերի հեռաստաններում: Բարությամբ լցված մի անբացատրելի ջերմություն կա, անկաշկանդ մի մտորում կա այս կտավում: Մարդկային կերպարն այսպիսի կենդանի արտահայտությամբ պատկերելու, այսպիսի դիպուկ բնութագրումով վերարտադրելու, այսքան մարդկային բարեմասնություններով օժտելու ձգտումը Արփենիկ Նալբանդյանի խոր մարդասիրության և դիմանկարչի բացառիկ տաղանդի գրավականն է:
Արփենիկ Նալբանդյանի նկարչությունը բազմաժանր արվեստ է: Նա ստեղծել է բազմաթիվ դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, սակայն նրա արվեստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում կոմպոզիցիոն ֆիգուրատիվ ժանրը: Դրան պատկանող աշխատանքները հագեցած են խոր բովանդակությամբ, դրանցում գեղարվեստական ձևերը դառնում են ավելի արտահայտիչ, գեղանկարչորեն ավելի գունեղ ու բազմազան: Ընտրած թեմայի նկատմամբ նկարչուհին համարձակ, ստեղծագործական ակտիվ վերաբերմունք է ցուցաբերում: Նրա կտավները կենսահաստատ են ու գեղարվեստական ձևերի առումով ավելի հասուն: Այդյոք, նկարչուհին զգացե՞լ է իր մոտալուտ վախճանը, չգիտենք, բայց ի հեճուկս ճակատագրի, մեկը մյուսի ետևից ստեղծել է գեղանկարչական լավագույն գործեր, որոնք ցանկացած պատկերասրահ կարող են զարդարել:
Նման գործերի թվում է «Զամբյուղով աղջիկը» կտավը: Մարդկային բնավորությունները տարբերելու իր սուր ընկալումով ու հիանալի զգացողությամբ Նալբանդյանը այս շրջանի գործերում կարողացել է ցույց տալ կեպարների, բնավորությունների բնութագրման հսկայական զանազանությունը: Այս կտավում, որն իր արտաքին գրավչությամբ չի զիջում նախորդին, գեղանկարչական մշակումները կատարելիության են հասնում, կոմպոզիցիայի կառուցումը հիմնված է բացառապես երանգների հարաբերությունների վրա: Կշռադատված կոմպոզիցիան, հանդերձանքի գունային ակտիվ լուծումը, նկարի ֆոնի ընտրությունը, լույսի և ստվերիների բանիմաց բաշխումը արված են գերազանց վարպետությամբ:Արփենիկ Նալբանդյանի արվեստի համար միշտ էլ գլխավորը գույնի խնդիրն է եղել: Դա մի յուրահատուկ գեղանկարչական աշխարհ է` հեղինակի հյութեղ երփնագրով: Նկարչուհին ստեղծել է իր ժամանակակիցների դիմանկարների մի հետաքրքրական պատկերասրահ: Նրանցից յուրաքանչյուրի մեջ ցոլանում են պատկերվողի բնավորության տիպական գծերը, նրանց պատկանող առանձնահատուկը, անհատականը, երբեմն խոհական, երբեմն էլ` պրոզայիկ ու խստահայաց: Այդպիսիք են, օրինակ, խոհուն ու հետաքրքրասերի հայացքով դիտողի ուղիղ աչքերին նայող Վարդան Աճեմյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Կարո Ղաֆադարյանի, Սերո Խանզադյանի դիմանկարները:
1962 թվականին նկարչուհին Զանգեզուրում առանձակի սիրով է կտավին հանձնել բնության այդ չքնաղ մասնիկի գողտրիկ անկյունները, ստեղծելով մի ամբողջ շարք թեմատիկ գործեր, բնանկարներ, դիմանկարներ: Դրանցով դիտողը հաղորդակից է դառնում ոչ միայն անհատին, այլև Զանգեզուրի բնության, կենցաղի, մարդկանց ընդհանրական կերպարին: Այդ կերպարները հողին ու ջրին նվիրված իսկական մարդկանց նկարագրեր են:
Կարճատև եղավ Արփենիկ Նալբադյանի կյանքը.նրա թելը կտրվեց 1964 թվականին, այն ժամանակ, երբ նա ստեղծագործական նոր վերելք էր ապրում, երբ նա բարձրանում էր պրոֆեսիոնալ հասության և վարպետության մի նոր աստիճան, երբ նրա վրձինը նոր թափ էր ստացել ու պատրաստ էր խիզախումների: Նրա ստեղծագործական կյանքը ընդամենը մոտ քառորդ դար եղավ, սակայն այդ կարճ ժամանակաշրջանը նկարչուհին հագեցրեց ազնիվ ներշնչանքով և վառ երազանքով տոգորված ստեղծագործությւններով: Մահվանից չորս տարի անց Երևանում կազմակերպվեց Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Այդ ցուցադրությունը, ինչպես նաև նրա ողջ արվեստը ապացույց է այն ճշմարտության, որ նրա կտավները իրենց խոհերով ու հույզերով հարազատ են ժողովրդին, հարազատ են հայ կերպարվեստին, հայ մշակույթին ընդհանրապես: Եվ դու, արվեստասեր բարեկամ, եթե առիթ ես ունենում լինելու Հայաստանի պետական պատկերասրահում, անպայման որոնիր Արփենիկ Նալբանդյանի անկյունը.այնտեղ դու հողի տաք բուրմունք կզգաս ու դաշտերի զով, այնտեղ դու կտեսնես այն մարդկանց, ովքեր գեղեցիկ էին դարձնում կյանքը:
Այնպես, ինչպես արել է ինքը` Արփենիկ Նալբանդյանը: