Առաքելյան Ա. – Երեքի աշխարհը – թերթ, «Երեկոյան Երևան», Ե., 29.07.1981

(Հատված հոդվածից)

 

Այս օրերին էստոնական կերպարվեստի թանգարանի հյուրընկալ հարկի տակ կազմակերպված է սովետահայ գեղանկարչության երախտավորների` Սեդրակ Ռաշմաճյանի, Արփենիկ Նալբանդյանի և Մկրտիչ Քամալյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը հայ և էստոն ժողովուրդների բարեկամության գեղեցիկ վկայություններից է: Հայաստանի պետական պատկերասրահից շուրջ վաթսուն գեղանկար է ընդգրկված էքսպոզիցիայում:
Երեք նկարիչների գործերի միասնական ցուցադրումը իր որոշակի իմաստն ունի: Մուտք գործելով հայ կերպարվեստ 30-40-ական թվականներին և ունենալով գեղանկարչական իրենց ուրույն մտածողությունն ու զգացողությունը, նրանք, սակայն, համակված էին մի ընդհանուր նպատակով` բազմակողմանիորեն հարստացնել երիտասարդ հանրապետության ռեալիստական արվեստը և ըստ ամենայնի արտացոլել սոցիալիստական զարգացման հերոիկան:
Արփենիկ Նալբանդյանը (1916-1964) և Մկրտիչ Քամալյանը (1915-1971) Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայի սաներ էին: Նրանց մուտքը կերպարվեստ զուգադիպեց մեծ Հայրենականի ծանր օրերին, մի բան, որը խթան հանդիսացավ երիտասարդ նկարիչների արվեստի մարտնչող հայրենասիրական ուղղվածությանը: Այդ տրամադրությամբ են համակված Նալբանդյանի «Կարմիր գլխարկով աղջիկը», «Տրակտորիստուհիներ» (1942թ.) և այլ աշխատանքներ, որոնց առջև միշտ էլ խմբվում են էստոն արվեստասերները: Ընդհանրապես, Արփենիկ Նալբանդյանի կտավներին հատուկ են ներքնաշխարհի բանաստեղծական նրբությունը, որոնց միջոցով նա արտահայտում է իր սերը դեպի մարդը, հատկապես երեխաներն ու բնությունը:
Հաջողված դիմանկարների հետ մեկտեղ, այցելուն ծանոթանում է Հայաստանի նալբանդյանական բնաշխարհին, մի քանի նատյուրմորտների: Բայց և այնպես նկարչուհու արվեստում առաջնայինը մնում է կոմպոզիցիոն ֆիգուրատիվ ժանրը: Այդ ժանրում են ստեղծված «Զամբյուղով աղջիկը» (1942թ.), «Կոլտնտեսուհին հանգստի ժամին» (1947թ.), «Աղջիկը պարտեզում» («Գարուն», 1960թ.), «Խնձորեսկի երեխաները» (1962թ.) և այլն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *