Կարապետյան Հ. – Լուսավոր ու թախծոտ վրձին – թերթ, «Հայրենիքի ձայն», Ե., 21.06.1967

Հայաստանի նկարչի տանը բացված է նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Մտնելով ցուցասրահ, առաջինը հանդիպում ես արվեստագետի ինքնանկարին` խոհուն, արտաքին հանգստության մեջ ինչ-որ ներքին բռնկում, վեհ ու ապրեցնող մի տրտմություն: Կտաներից քեզ են նայում մարդիկ` յուրաքանչյուրին իր խոհերով ու մտորումներով, իր նկարագրով: Ոչ մի գործը չի կրկնում մյուսին: Լրացնում են միմյանց և հաստատում նկարչուհու արվեստի խորհուրդը` սիրել կյանքը, որոնել գեղեցիկն ու մարդկայինը, ներշնչվել, ապրել ու երազել, հուսալ ու հավատալ: Արփենիկը ընդամենը ստեղծագործական 25-ամյա ճանապարհ է անցել: Մահը վրա հասավ, երբ նա ապրում էր իր տաղանդի ծաղկումն ու բռնկումը: Սակայն թողածն էլ բավական է, որ նա հիշվի և իր արժանի տեղը գրավի մեր կերպարվեստում: 1941 թվականին ավարտելով Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիան, Արփենիկ Նալբանդյանը եկել ու հաստատվել է Հայաստանում: Տխուր է անցել նրա մանկությունը: Հայրը մահացել է, երբ ինքը երեխա է եղել: Մայրը դժվարին ու ծանր պայմաններում է պահել իր հինգ զավակներին: Արփենիկը խորն է հասկացել մոր տառապանքն ու դառնությունը, հոգով վեհ ու անկոտրում լինելը և վրձնել է «Մորս դիմանկարը»:
Արփենիկ Նալբանդյանի արվեստի գաղտնիքը կյանքը սիրելու և հաստատելու մեջ է: Նա ներկայացնողի կամ դիտողի դերում չէ, այլ հոգով ու արյամբ ձուլված է ստեղծագործությանը, որը տաղանդով, ներշնչմամբ և կյանքի խոր փիլիսոփայությամբ տրոփող իր էությունն է: Ելակետ ընդունելով դասական արվեստի հիմունքները, նա բաց է անում իր աշխարհը` ազատ ու անկաշկանդ, բնական ու գեղեցիկ: Առկա են բնորոշն ու հատկանշականը: Իրերն ու երևույթները …………………….  արվեստագետի զգացմունքը և հետո նոր միայն մտածում կատարման ձևի ու միջոցների մասին: Իսկ նկարների իրացման ձևերն ու միջոցները բազմազան են: Ճշմարիտ արվեստագետի հմտությամբ Արփենիկ Նալբանդյանը կարողանում է մարդու հոգեկան աշխարհը ներդաշնակել բնության հետ, բնությունը ծառայեցնել որպես մարդկային խոհերի, երազների, տրամադրությունների մատուցման և մեկնաբանման միջոց: Ահա «Աղջիկը պարտեզում» կտավը: Գարուն է, ծաղկել են ծառերը, գարնան հետ գեղեցկացել, զարթոնք է ապրում նաև աղջիկը: Գարունը շարունակվում է նրա մեջ: Նա ձուլված է բնության գեղեցկությանը, բնության պես մաքուր ու հմայիչ և, սակայն, խորհող, երազող, լի արբունքի, կարոտի, սիրո թախիծով: Արևով է լի «Աղջկա դիմանկարը»: Կապույտ են աչքերը, թուխ մազեր ունի, որ քանդվել ու անփութորեն թափվել են կուրծքն ի վար ու թիկունքին: Արև, բոց ու այրում կա դեմքին, կրակ ու կյանք: Աղջկա ջահելությունը, հոգեկան ներքին խանդավառությունը այս կտավում տրված է ամռան արևի վարդագույնով, շրջապատի երանգների արտացոլումով: «Մտորումները» հեղինակի վաղ շրջանի գործերից է …………………….. կյանքով: Պատրաստ է սիրո ու մայրության:
Նկարչուհին որոնում է պարզ ու ինքնատիպ, խոր ու մատչելի արտահայտչամիջոցներ: «Խնձորեսկի երեխաները» նկարում առկա են սառն ու տաք գույները` արևի ջերմությունն ու լեռնային սառնությունը: Այս նկարը դիտողի մեջ բնության կարոտ է ծնում: Ուզում ես 
լինել այնտեղ` Սյունյաց լեռների բարձունքին, երեխաների հետ: Բնության մեջ ազատ լինելու զգացումով է ծնվել «Սարերի աղջիկը» կտավը: Սարը բարձր է, երկնամերձ: Իր բնական հմայքով աղջիկը գեղեցկացրել և կենդանություն է տվել վեհ, սակայն ամայի սարերին: Սարերի աղջիկն է` իր ազատության, իր սարերի հետ: Իսկ ոսկեվազցի պառավը մենակ է, խոնարհ: Որպես բնորոշ գիծ ընտրված ու ընդգծված  է նրա բարի, կենսասեր լինելը:
Նկարչուհու աշխարհը հարուստ է դեպի բնությունն ու մարդը ունեցած սիրով: Ներշնչումը, տաղանդն ու աշխատասիրությունը ապահովել են արվեստագետի հաղթանակը:
Անժամանակ ընդհատվեց նկարչուհու ստեղծագործական ճանապարհը, բայց մինչև վերջ նա մնաց կյանքը հաստատող դիրքերում, հուսահատությունից, մշուշից ու ստվերներից հեռու: Նա այրվեց մահը հաղթահարելու վերջին ճիգով և այդ այրումից ծնվեցին նրա լավագույն գործերը` «Պատանիները», «Գորիսեցի Օվսաննա մայրիկը», «Խնձորեսկի երեխաները», Խնձորեսկը պատկերող բնանկարները և երիտասարդության ու մտավորականների մի քանի դիմանկարներ:
Հեռանալով ցուցասրահից, զգում ես, որ հոգիդ հարստացավ ինչ-որ գեղեցիկ բանով, վեհ զգացումներ խառնվեցին էությանդ:
Դա արվեստի այն պարգևն է, որ ուղեկցում է մարդուն իր կյանքի ճանապարհին, աննկատելիորեն ձուլվում նրա արյանը, օգնում խիզախելու, բարձրանալու և խորհելու գեղեցիկի ու մարդկայինի մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *