Հովհաննիսյան Ռ. – Նկարչուհին ապրում է իր կտավներում – ամս., «Սովետական արվեստ», Ե., հ.9-10, 1967, էջ 84-86

Ետմահու առաջին ցուցահանդես: Մի հանգամանք, որ նոր տրամադրություն էր ստեղծել ցուցասրահներում, տխրության քողով պատել յուրաքանչյուր կտավ, ափսոսանքի յուրահատուկ զգացում առաջացնելով նկարչուհու անժամանակ ընդհատված կյանքի համար:
Ստեղծագործությունների մի ամփոփ հավաքածու էր սա, որ ամենատարբեր ժանրերով ու ձևերով դիտողներին պատմում էր հայրենիքին ու կյանքին սիրահար արվեստագետի ստեղծագործական ուղու մասին:
Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո Երևան գալով, Արփենիկ Նալբանդյանը ակտիվ մասնակցում է մեր մշակութային կյանքին, իր հետաքրքրություններով ու ստեղծագործական առանձնահատկություններով նոր երանգ բերում մեր գեղանկարչությանը:
Ինքնանկարների մի շարք, դիմանկարներ, մերկ բնորդուհիներ, որ ինչ-որ տեղ կարծես Դելակրուայի ռոմանտիկան են մատնում կամ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ոճը, բայց նաև իրենն են, սեփականը, կերպարների ինքնամփոփ, խոհուն տրամադրություններ, մշակումների կրքոտ թափ:
Հետզհետե առավել գունեղ,բազմերանգ է դառնում արվեստագետի ներկապնակը, լայնանում են թեմատիկ հետաքրքրությունները: Գյուղի կյանքն ու աշխատանքը, գեղջուկ երեխաներ, հաճախ բոկոտն ու արևակեզ դեմքերով, գեղջկուհիներ… Հիսնականներին կատարված այդ գործերի շարքը նկարչի ստեղծագործական կյանքի նոր փուլն են ներկայացնում, հեղինակի առաջընթացը: Բնությունն ու մարդը անմիջականությամբ ու սիրով են դրոշմված կտավներին: Բջնիի, Ոսկեվազի, Աշտարակի, Սևանի և Հայաստանի այլ վայրերի ինքնատիպ բնաշխարհը, հայ մարդու գործն ու մտահոգությունները հենց այդ ոգով են արված:
Հետաքրքրական է դիմանկարների հարուստ շարքը: Մերթ ինքնամփոփ ու խոհուն կամ դիտողի հետ սրտաբաց հաղորդվող, մերթ թաքնված, խորամանկ ժպիտով կամ էլ մանկական անմիջականությամբ աշխարհին նայող մարդիկ են Արփենիկ Նալբանդյանի հերոսները:
Վերջին տարիների ստեղծագործությունները արդեն վկայում են հասուն ու կազմակերպված վարպետին, որ հագեցած, բովանդակալից կերպարներ ստեղծագործելու համար դիմում է կոմպոզիցիոն նոր հնարների, դեկորատիվ պարզ ընդհանրացումների, արտահայտիչ ուրվագծերի: Կերպավորման այս միջոցները պատահական չէին նկարչի արվեստում: Ամենամասնավոր դեպքի մեջ էլ նա ձգտում էր ընդհանուրը տեսնել, մի բան, որ մոնումենտալ հնչողություն էր տալիս նրա հատկապես վերջին տարիների ստեղծագործություններին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *