Քալանթարյան Արտ. – Նկարչուհու լուսավոր աշխարհը – թերթ, «Գրական թերթ», №25, Ե., 16.06.1967

Աշխատում ես կիսախավար սենյակում, հետո բարձրանում տեղից, մի կողմ տանում վարագույրը ու բացում պատուհանը: Դրսում արև է, աղմուկ է, կյանք: Եվ դու հաճելիորեն զարմացած կկոցում ես աչքերդ…Հենց այդպիսին է լինում առաջին զգացումը, երբ մտնում ես հանրապետության վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:Ամենուրեք պայծառ, լուսավոր, արևոտ գույներ են, և նույնիսկ ստվերներն էլ են լուսավոր: Ամենուրեք բարի, ազնիվ դեմքեր են, սրտառուչ միամտությամբ շողացող մանկական աչքեր և պատանեկան աչքեր, որոնցում արդեն խոհ կա, սպասում ինչ-որ խորհրդավորի ու հաճելիի, և էլի՛ աչքեր` խոհուն, երազող, հիացած, զարմացած, ժպտուն… Եվ բնանկարներ` տաք գույներով, լուսավոր մուժի մեջ կորած լեռներ, վազող արահետներ ու դեղնակարմիր այգիներ:Բայց այս պայծառ ու կյանքով լի կտավները դիտող մարդկանց աչքերը թաց են: Նրանք երկար կանգ են առնում նկարչուհու ինքնադիմանկարների առջև ու սրբում արցունքները: Նրանց հիշողության մեջ դեռ թարմ է այդ արևոտ նկարների հեղինակի կորստի ցավը, հեղինակ, որը հեռացավ կյանքից` իր ստեղծագործական ուժերի ամենածաղկուն շրջանում, երբ իմաստնացել էր միտքը, և վրձինը դարձել էր առնական:
Արփենիկ Նալբանդյան…
Ով ճանաչում էր նրան, սիրում էր: Անհնար էր չհիանալը նրա զարմանալի կենսախնդությամբ ու կենսասիրությամբ, նրա լավատեսությամբ ու բարությամբ: Ապշում էին, թե ինչպես է ամեն ինչ հասցնում.դասախոս էր գեղարվեստա-թատերական ինստիտուտում, գեղանկարչության ամբիոնի դոցենտը, իբրև քաղսովետի դեպուտատ` անընդհատ ինչ-որ հարցերի լուծումով էր զբաղված, քնքույշ ու հոգատար մայր էր իր զավակների համար և այդ բոլորի հետ միասին, այդ բոլորի արանքում նկարում էր, նկարում էր ոգեշնչված, խանդավառ, ասես շտապում էր տեսնել կյանքում այն ամենը, ինչ բարի ու գեղեցիկ է և վերցնել ու մարդկանց տալ այդ բարին ու գեղեցիկը:Քսանհինգ տարվա ընթացքում մոտ երեք հարյուր կտավ է ստեղծել Արփենիկ Նալբանդյանը: Եվ դրանց մեծ մասը դիմանկարներ ու կոմպոզիցիոն դիմանկարներ են: Միշտ և ամենուրեք նրան հետաքրքրել է մարդը` իր խոր ու բարդ հոգեբանությամբ, ներքին հույզերով ու խռովքով և այն հիմնական, բնորոշ արտահայտությամբ, որը նրա խառնվածքի էությունն է: Մարդկանց դեմքերը զարմանալի կոնկրետ են, զարմանալի ընդհանուր և զարմանալի տարբեր, ու եթե որևէ բան միացնում է նրանց, ապա դա թերևս ազնվությունն է: Առաջին հայացքից թվում է, թե ցուցահանդեսի կազմակերպիչները սխալվել են` իրար կողքի դնելով գրեթե նույն չափերի տասնյակ դիմանկարներ: Բայց երբ մոտենում ես, զգում ես անմիջապես, որ դրանով ավելի է ընդգծվել նկարչուհու ձիրքը, աշխարհին և իրենց հոգու ներսը տարբեր աչքերով նայող մարդկանց հայացքը որսալու նրա վարպետությունը:Բայց նա ամենից շատ սիրել է երեխաներ նկարել` իր երեխաներին և ուրիշների երեխաներին ու նրանց անմեղությունը…
Բջնիում էր, Գորիսում, թե՞ Դիլիջանում: Փոքրիկ մի բնանկար էր տեղափոխում կտավի վրա, երբ զսպված մի շշու՞կ, թե չոր ճյուղի ճտտոցը գրավեց նրա ուշադրությունը: Շրջեց գլուխը ու տեսավ գյուղական փոքրիկ երեխաների: Մոտեցել էին թիկունքից, աննկատելի, ծտերի նման թառել փայտե պարզ ցանկապատին ու նկարչուհու ուսի վրայից ներկատախտակին էին նայում` զարմացած, լայն բացած աչքերով: Նկարչուհուն թվաց, թե նրանք իսկապես ծտեր են և իր շարժումից հիմա կթռչեն ուր-որ է: Ու հանկարծ ոչինչ չի մնա: Մի վայրկյան մնաց հիացած ու սրտաշարժված, նրանց անպաճույճ շորերին նայեց և բոբիկ ոտքերին, նրանց մաքուր ու անմեղ աչքերին նայեց և արևից վառված, պլոկված ուսերին: Հետո կամացուկ մի կողմ դրեց կիսատ բնանկարը, մաքուր մի կտավ վերցրեց ու նկարեց նրանց փայտե պարզ ցանկապատի վրա, թռչելու պատրաստ փոքրիկ ճնճղուկների նման:
Դա 1955 թվականն էր: Արփենիկ Նալբանդյանն արդեն սովորել, յուրացրել ու փախուստ էր տվել բոլոր բարերար ազդեցություններից: «Ինքնանկարը», «Նեգրուհին», «Մտորումների մեջ», «Փոքրիկ Սվետլանան» գործերի հեղինակը դանդաղորեն ու համառ հղկել էր իր արվեստը, որոնել ու գտել էր իրենը և հիմա աշխատում էր չտեսնված ոգևորությամբ, դեպի բնությունն էր գնում, շրջում էր գյուղերում, պահում անհետացող դեմքերն ու առարկաները, ժամերով նստում աշխատող կանանց առջև, նայում էր նրանց սիրով ու քնքշությամբ, ու երևի նրան էլ ճիշտ այդպես էին նայում, որովհետև սեր ու քնքշություն էին արտահայտում նրա բոլոր բնորդների դեմքերը: Հետզհետե ավելի ու ավելի ամուր է դառնում վրձինը, գույները` պարզ ու բնական: Ոչ մի արտաքին էֆեկտ, զարմացնելու, շլացնելու ոչ մի ջանք: Երևի ուրիշ նկարիչ չընտրեր «Կաղամբի քաղհանը»: Սովորական մարգ է, գյուղական պարզ մի պատկեր: Աղջիկը միայն մի պահ ցած է դրել բահը ու նայել արվեստագետին` արևից կկոցված աչքերով: Զուսպ, նույնիսկ առաջին հայացքից սառը գույներ են` կանաչի, կապույտի ու շագանակագույնի խաղեր, և բոլոր այդ գույները սքանչելի դաշնությամբ եկել են լրացնելու քաղհանող աղջկան, ընդգծելու նրա պարզ գեղեցկությունը: Աշխատող մարդկանց նկատմամբ մեծ սիրով ու ջերմությամբ են ողողված նաև «Ոսկեվազցի կինը», «Իլիկով կինը», «Ջրի ճամփին», «Կոլտնտեսուհին հանգստի ժամին» գործերը ու նրանցից թերևս լավագույնը` «Գորիսեցի Օվսաննա մայրիկը»:
Նա նստած է ինչ-որ խոտերի վրա, ձեռքերը ծնկին խաչած, զանգեզուրցի կնոջ տարազով, գլխին թափա-թագ ունի` արծաթե զնգզնգուն դրամաշարով ու թքկալ ունի ծնոտին: Ուրեմն խեղճ, հին, ծեր գեղջկուհի՞: Չէ՛: Կեցվածքը հպարտ է ու ինքնավստահ, ասես աշխարհի տիրուհին է ինքը: Եվ տիրուհին էլ է, որովհետև ինքն է ստեղծել այդ աշխարհը, ինքն է գցել այգին ու տուն սարքել, որովհետև ինքը մայր է ու մեծ մայր, որովհետև իր զավակներն են աշխատում այգիներում ու դաշտերում, և թոռներն ու ծոռներն էլ հրեն վազվզում են այնտեղ` կալերի մեջ ու դեղին արահետների վրա:
Այս կտավում և 62-ի ու 63-ի այլ կտավներում Արփենիկ Նալբանդյանն արդեն արդեն բյուրեղացած զգացմունքներ ունի, ինքնատիպ ներկեր ու առնական, «տղամարդկային» ձեռք: Նրան գրավում են մոնումենտալ հոգեբանական պատկերները, մեծ չափերը, լայն հորիզոնները: Նա սիրահարված է Զանգեզուրին` իր խիստ ու վեհ բնանկարներով, և մեկը մյուսի ետևից ստեղծում է գերազանց գործեր` «Խնձորեսկցի երեխաները», «Աղբյուրի մոտ», «Հին Գորիսը», «Խնձորեսկը», «Խնձորեսկի ժայռերը»: Եվ միաժամանակ ավելի է խորանում սիրած ժանրի մեջ, ստեղծելով իր ժամանակակիցների դիմանկարների փայլուն մի պատկերասրահ: Ահա քնքույշ ու երազկոտ ուսանողուհին, և Վարդան Աճեմյանը` խոհուն, պատանիները` մտածկոտ և Հրաչյա Հովհաննիսյանը` ներշնչված:Եվ էլի ու էլի դեմքեր, պատկերներ, բնություն, կյանք, արև, լույս… Երբ նկարչուհին արդեն անբուժելի հիվանդ էր:
Որքան ուժեղ պետք է լինի մարդը, որ ի հեճուկս մոտեցող սևի` սպիտակը նկարի ու մութին պատասխանի լույսով:  Որքան մաքուր ու անբիծ պիտի լինի նրա հոգին, որ կարողանա նույն բարությամբ ու սիրով նայել կյանքին, ուրախանալ ծաղիկներով ու երեխաներով, ուրիշների կյանքով առլեցուն, հպարտ ու ինքնավստահ դեմքերը նկարել ու ժպիտը, երբ զգում է, թե ինչպես է վրձինը ծանրանում մատների մեջ և գուցե վերջին անգամ է խառնում ներկերը:Բայց նա աշխարհ էր մտել անչար ու շռայլ հոգով, պայծառ աչքերով էր նայում կյանքին, անհունորեն սիրում էր մարդկանց, ուզում էր, որ երջանիկ լինեն նրանք ու լույս էր նկարում, և այդպես էլ հեռացավ աշխարհից` չտանելով ոչինչ, ապրողներին թողնելով իր մաքուր, ազնիվ ու լուսավոր աշխարհը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *