Ղուկասյան Վ. — Նրանք պատրաստվում են 40-ամյակին – ամս., «Սովետական Հայաստան», Ե., 1960, էջ 25

(Հատված հոդվածից)

Եվ ահա, ոգևորված այս առաջին լավ տպավորությունից, մեր քայլերն ուղղում ենք դեպի մեկ ուրիշ կերպարվեստագետի արվեստանոց: Գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի տանն ենք.այստեղ տիրում է նույն ստեղծագործական մթնոլորտը:
-Նկարներից մեկը, որը ներկայացնելու եմ 40-ամյակի պատվին բացվելիք ցուցահանդեսին, կոչվում է «Քաղհանավորները»,-պատմում է նկարչուհին, ոչ մի ուշադրություն չդարձնելով մեր զարմանքին:
-Բայց եթե չեմ սխալվում, Դուք ունեիք մի այդպիսի…
-Այո´, — աշխուժով պատասխանում է նա, — գիտե՞ք ինչ, ես այդ թեմայի մեջ մեծ պոեզիա եմ տեսնում և նկարելու համար` շատ առատ նյութ: Մի րոպե պատկերացրեք, թե որքան հետաքրքիր բան կարելի է գտնել` հետևելով կանանց, երբ նրանք զգեստի ծայրը խրած գոտու մեջ, ամուր, պիրկ ոտքերը հենած հողին, արևախանձ դեմքերով, լաչակը հավաքած գլխին, աշխատում են, զրուցում, կարծես այդ ծանր գործն իրենք չեն անում: Ավելին, ձեր հարցին լրիվ բավարարություն տալու համար պետք է ասեմ, որ ես այս նկարով էլ չեմ սահմանափակվելու: Ա´յ, արդեն ծրագրել եմ նկարել քաղհանը ցորենի արտում: Շատ գեղեցիկ բան է լինելու.այդպես է, համենայն դեպս, հիմա, իմ պատկերացմամբ և ես տեղն էլ եմ որոշել, որտեղից վերցնելու եմ իմ նյութը:
Երբ նկարչուհին մատնանշում է երկրորդ կտավը, որի վրա այժմ աշխատում է, արդեն շատ որոշակի զգում ես նրա նախասիրությունը` նրան շատ է գրավում կոլտնտեսային դաշտերի աշխատավորուհու թեման:
-Երկրորդ գործը կոչվելու է  «Խաղող հավաքող կանայք»: Աշխատանքային պրոցեսը ցույց տալու հետ միասին, ես ուզում եմ պատկերել այն բնորոշ կոլորիտը, որ ստեղծվում է մեր դաշտերում ու այգիներում` աշխատանքի եռուն պահերին: Բացի այս կանանցից, պատրաստ կտավի վրա կտեսնեք թփի տակ կռացած և երեխային կերակրող մորը: Դա գիտե՞ք, բնական պատկեր է, այդպես էլ լինում է. շվաքի տակ մայրը կերակրում է երեխային ու հետո շարունակում իր գործը:
Արփենիկ Նալբանդյանը ոգևորված է իր ստեղծագործական պլաններով, իսկ նման դեպքերում գործը միշտ էլ լավ է վերջանում:
Հաջողությու՜ն ցանկանանք նրան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *