Նկարչուհու արվեստանոցում – թերթ, «Գրական թերթ», Ե., 06.03.1959

…Վերջալույս է: Կոլտնտեսության բանջարանոցում ուրվագծվում են քաղհանավորները, հեռվում հազիվ նշմարվում է հարազատ գյուղի բնանկարը: Սակայն այդ ամենը մենք միայն կռահում ենք նկարչուհու փորձառու ձեռքի մի քանի վրձինումներից: Դա Արփենիկ Նալբանդյանի նոր կտավներից մեկի էսքիզն է, որի վրա նկարչուհին աշխատում է առանց շտապելու, որոնում է ու գտնում արտահայտչական նոր ձևեր: Նա ձգտում է, որ իր նկարը ճշմարտացիորեն արտացոլի կոլտնտեսականների կյանքը, նրանց աշխատանքային առօրյան: Այդ և «Խաղող հավաքողները» կտավներով նա մասնակցելու է Հայաստանում սովետական կարգեր հաստատվելու 40-ամյակին նվիրված առաջիկա ցուցահանդեսին:
Դեռևս Թբիլիսիի գեղարվեստական ակադեմիայում սովորելու տարիներին Արփենիկ Նալբանդյանը ամենից շատ հակված էր դեպի կոմպոզիցիոն կտավների ստեղծումը: 1941 թվականին, երբ նա նոր էր ավարտել ակադեմիան, նկարեց «Տրակտորիստներ» կտավը, որն արժանացավ իր ուսուցիչների, արվեստակից ընկերների, ցուցահանդեսն այցելողների ուշադրությանը: Նրանք երիտասարդ նկարչուհու մեջ տեսան բնության տարբեր տեսարաններն ու մարդկանց պատկերելու յուրահատուկ մոտեցում, ամուր ու հյութեղ վրձին:
Ապա տաղանդավոր նկարչուհին մեկը մյուսի հետևից վրձինեց «Ուսման գերազանցիկները», «Տատիկի հեքիաթներից», «Հետաքրքիր գիրք» և այլ աշխատանքները: Ա.Նալբանդյանին առանձնապես հուզում ու հետաքրքրում է մանուկների աշխարհը, որը նրան հարուստ նյութ է տալիս իր կտավների համար: Այդ շարքից նրա «Հետաքրքրասերները» կտավը ցուցադրվեց Մոսկվայում, մեծ Հոկտեմբերի 40-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդեսում և արժանացավ լավ գնահատականի:
Նկարչուհին հաճախ է լինում Հայաստանի գյուղերում, հանգամանորեն ծանոթանում առանձնապես կոլտնտեսուհիների կյանքին ու աշխատանքին, ոգևորվում հայրենի բնաշխարհով, որը վերափոխվում ու նոր երանգներ է ստանում մարդկանց ստեղծագործ աշխատանքով: Նա ձգտում է գյուղին նվիրված իր կտավներում ավելի վառ գույներով արտացոլել նոր կյանքի բնորոշ կողմերը: Այդ են վկայում նրա «Աղբյուրի մոտ», «Քաղհանավորները», «Կոլտնտեսուհին հանգստանում է» և այդ թեմայով ստեղծված մյուս ուշագրավ աշխատանքները:
Արփենիկ Նալբանդյանն ունի նաև բազմաթիվ դիմանկարներ, որոնց մեծ մասի մեջ հստակորեն երևում է ընդգծված բնավորություններ ստեղծելու նրա կարողությունը: Այդ կարգի աշխատանքներից առանձնապես ուշադրության է արժանի նրա «Երկվորյակներ» կտավը, ուր կոլտնտեսուհին պատկերված է իր երկու երեխաների հետ: Երջանիկ ու հպարտ է երիտասարդ մայրը: Նկարը դիտողը նրա դեմքի վրա կարդում է մայրական մաքուր ու անսահման սեր դեպի իր զավակները: Ոչ պակաս հետաքրքրական են նաև «Իմ տղաները», «Լեռների աղջիկը» դիմանկարները, որոնցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում բնավորության յուրահատուկ գծերով:
Նկարչուհու արվեստանոցում այդ աշխատանքների կողքին կարելի է հանդիպել մի շարք նատյուրմորտների, որոնց մեջ ևս նա ինքնատիպ է:
Նոր, ժանրային կտավներին զուգընթաց Արփենիկ Նալբանդյանը Հայկական ՍՍՌ Ռևոլյուցիայի թանգարանի համար աշխատում է մի կտավի վրա, որն արտացոլելու է բանվորների 1901 թվականի մայիսյան ցույցը Թբիլիսիում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *